Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրու N25 դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է. 700-ից ավելի աշակերտ նորից հաճախում է...

Գյումրու N25 դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է. 700-ից ավելի աշակերտ նորից հաճախում է դպրոց

0

Գյումրու համար 25 դպրոցում մեկ ամսից ավելի է՝ դասապրոցեսը վերականգնվել է, աշակերտները եւ ուսուցիչները կանոնավոր կերպով հաճախում եւ մասնակցում են դասերին: «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց դպրոցի նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանը:

«Դեռեւս փետրվարի 22-ին մենք անցանք նորմալ դասապրոցեսի: Ճիշտ է, սկզբնական շրջանում, կարելի է ասել, ամբողջությամբ չէր կարգավորվել իրավիճակը, բայց աստիճանաբար հարթվեց ամեն ինչ: Հիմա ոչ մի խնդիր չունենք, բացակայություն չկա աշակերտների շրջանում, բոլորն էլ հաճախում են, ուսուցիչների հետ խնդիր չկա: Ես ասել էի, որ կհարթվի իրավիճակը ու հարթվեց»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքերով՝ բողոքի ակցիաների ընթացքում եւ դրանից հետո դպրոցից որեւէ աշակերտ չի տեղափոխվել, իսկ այն աշակերտները, որոնք ակցիաներին մասնակցում էին եւ դասի չէին հաճախում, վերադարձել են սովորական դասապրոցեսին. «Ոչ ոք ո՛չ գնացել է դպրոցից, ո՛չ էլ հեռացվել, 700-ից ավելի աշակերտ ունենք, նորմալ դպրոց են հաճախում: Հակառակը, երեխաներ կան, որ ուզում են տեղափոխվել մեր դպրոց, բայց լիցենզիայով մեր դպրոցին տրված տեղերի թիվը սահմանափակ է, դրա համար չենք կարողանում իրենց ընդունել»:

Հիշեցնենք՝ այս դպրոցում բնականոն դասապրոցեսը խաթարվել եւ բողոքի ցույցեր էին սկսվել, երբ սեպտեմբերի 11-ին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում երկու թեկնածուները՝ նույն դպրոցի մանկավարժ Մերուժան Մինասյանը եւ Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը, չէին հավաքել օրենքով նախատեսված 5 ձայն: Ըստ գործող կարգի՝ այդ դեպքում ընտրությունը պետք է կատարեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ ընտրել էր Իրինա Բաղդասարյանին:

Փետրվարի 4-ին Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նոր տնօրենի՝ Իրինա Բաղդասարյանի հետ գնացել էր դպրոց՝ վերջինիս ներկայացնելու, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները նրանց դիմավորել էին «ամոթ», «հեռացիր» եւ այլ վանկարկումներով: Դրանից հետո նոր տնօրենին թույլ չէին տվել մտնել դպրոց: Այդ ընթացքում 700-ից ավելի աշակերտները դպրոց չէր հաճախում:

Մեկնաբանել