Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարին եւ կարեւորել սպասվող ՏԻՄ ընտրությունները

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարին եւ կարեւորել սպասվող ՏԻՄ ընտրությունները

0

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի  պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին:

Նախարարությունից  հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի եւ Իջեւան քաղաքի միջեւ կապը:

Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում,  միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը եւ որպես պետական կառավարման կարեւորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:

Սուրեն Պապիկյանը կարեւորել է նաեւ Իջեւան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված  առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները եւ դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

Իջեւանի  համայնքապետի  պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:

Մեկնաբանել