
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:
Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի եւ հատկապես՝ պատերազմական եւ հետպատերազմական շրջանում սահմանամերձ մարզի առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։
Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարեւորություն ունեցող կառավարման ոլորտում ստանձնած աշխատանքներում։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարեւորել է պետության համար այս բարդ ժամականերում պետական կառավարման բոլոր օղակների համագործակցված եւ փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ «Մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր եւ տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված եւ համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն եւ կամք»,- նշել է նա։
Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջեւանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար եւ վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում կառավարման փորձը եւ մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին ծառայությունը ծառայություն է սահմանում»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը եւ նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ:
ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:
Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից եւ համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։