
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ ապրիլի 11-ին, Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծումն ազդարարող հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում դպրոցին հանձնվեց նվագախմբին անհրաժեշտ 10 լարային երաժշտական գործիք։ Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծման ու անհրաժեշտ երաժշտական գործիքների ձեռքբերման մասին հայտարարվել է 2019 թվականի սեպտեմբերին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում տեղի ունեցած «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի վերջին համերգի ժամանակ. հայտարավել էր, որ համերգի հասույթը կտրամադրվի վերնշյալ նպատակին։
Ապրիլի 11-ի երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: Հնչեցին ինչպես բոլորին հայտնի, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններ:

Համերգի դիրիժոր Հարություն Արզումանյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ անկեղծացավ՝ մաեստրոյի հարազատ Շիրակում հանդես գալն առավել պատասխանատու է, հատկապես, երբ շատ ֆիլմեր, որոնց երաժշտությունը հնչեց երեկոյին, հենց Գյումրիում են նկարահանվել: «Ընդհանրապես, երջանկություն ունեմ Մանսուրյանի հետ մտերիմ լինել երկար տարիներ: Մեկ անգամ մաեստրոն ինքն է ասել՝ «զարմանալի է, նույնիսկ այդ երաժշտությունները գրելու ժամանակ չէի պատկերացնում, որ դրանք ժամանակի հետ այդքան կապրեն»: Երաժիշտներն էլ շատ են այդ մեղեդիրները նվագել, բայց, ամեն անգամ նոր ոգեւորություն է առաջացնում»,- նշեց Հարություն Արզումանյանը։
Նա դժվարացավ առանձնացնել մաեստրոյի՝ իր համար ամենահարազատ մեղեդին: «Բոլորը լավն են ու ֆանտաստիկ, բայց կառանձնացնեմ մի կինոնկար, որը միշտ դժվարությամբ եմ նայում՝ «Գիքորը», որն իմ վրա մանկությունից միշտ ճնշող տպավորություն է թողել, բայց ֆիլմի երաժշտության մեջ մի լուսավոր, «համով» բան կա»,- անկեղծացավ Հարություն Արզումանյանը:
Արմենուհի Մխոյան