
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում այսօր հուշատախտակ բացվեց` ի հիշատակ Արցախյան վերջին պատերազում զոհված ուսանողներ Տիգրան Մնոյանի, Կարեն Ավետյանի եւ Հովհաննես Փափազյանի:
Ուսանողներից 2-ը ժամկետային զինծառայողներ էին, մյուսը` պայմանագրային զինծառայող:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաներից 2-ի ծնողները, ԲՈՒՀ-ի անձնակազմը, ի դեմս տնօրեն Աշոտ Շերմազանյանի, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, ապրիլյան եւ Արցախյան պատերազմի մասնակից, ԲՈՒՀ-ի ուսանող Վարոս Պետրոսյանը:
Մինչ ցուցատախտակի բացումը, համալսարանի դահլիճում ռեկտորը նախ անդրադարձ կատարեց զոհված ուսանողների անցած ուղուն ու մարտական սխրանքներին: Իր խոսքում տնօրենը չէր կարողանում թաքցնել հուզմունքը:
Շնորհակալություն հայտնելով զոհված տղաների ծնողներին, տնօրեն Աշոտ Շերմազանյանն ասաց` տղաների անունները մինչ օրս պահպանված են դասամատյաններում, նրանք շարունակելու են լինել իրենց ուսանողները:
Ազատամարտիկ Վարոս Պետրոսյանը իր եւ ազատամարտիկ մյուս տղաների անունից մեկ անգամ եւս ցավակցելով զոհված ուսանողների ծնողներին, ասաց. «Մենք խոնարհվում ենք Ձեր առաջ, դուք պետությանը տվեցիք ձեր ամենաթանկը` ձեր առյուծ որդիներին, ովքեր զոհվեցին հանուն մեզ, եւ մենք պարտավոր ենք ամեն օր զինվել ու հզորանալ, վառ պահել տղաների հիշատակը: Ինձ համար այսօր հերոսը դուք եք` հարգելի ծնողներ, որ դաստիարակել եք նման տղաներ»:
Հուշատախտակի բացման պատիվը տրվեց զոհված զինծառայող Կարենի Ավետյանի հորը: Արարողությունից հետո, ի հիշատակ զոհված ուսանողների, ԲՈՒՀ-ի տարածքում նրանց հիշատակը հավերժացնող ծառ տնկվեց: