Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ծառահատումներ անտառապահների կողմից. Անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանտվության միջոցներ...

Ծառահատումներ անտառապահների կողմից. Անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանտվության միջոցներ կկիրառվեն

0

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին ապօրինի ծառահատում է կատարել՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով կաղնի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, անտառապահը փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Վահագնի գյուղ, որտեղ 50 հազար դրամով վաճառել է գյուղի մի բնակչի: Ապօրինի ծառահատումը, մթերումն ու տեղափոխումը տվյալ դեպքում կատարվել է Վահագնիի անտառպետության անտառապետի ոչ միայն գիտությամբ և թույլտվությամբ, այլ նաև՝ օժանդակությամբ։

ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող գումարի չափով վնաս պատճառելու դեպքում։ Տվյալ դեպքում պատճառված վնասը կազմել է 82 հազար 260 դրամ։ Այսինքն՝ պարզվել է, որ թեև է․ Հ․-ի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը, սակայն նա կատարել է դիտավորյալ  իրավախտում՝ ապօրինի ծառահատում, ինչը ենթակա է քննարկման ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածի տիրույթում:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի չափով գույքային վնասի դեպքում։ Սակայն պատճառված վնասի չափը չի գերազանցել այդ շեմը, այսինքն՝ անտառապետի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Դատախազությունից հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված և դրան զուգահեռ այլ ենթադրյալ ապօրինությունները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են տևական ու շարունակական բնույթ, դրանցում ուղղակիորեն ներգրավված են եղել հենց նման իրավախախտումները և ապօրինությունները կանխելու ու հայտնաբերելու անմիջական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք։ Վերջինս հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ կատարելու, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործել են ակնհայտ ապօրինի և նրանց վարքագիծն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող ուղղակի հանգամանք և պատճառ:

Դատախազության իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վահագնիի անտառպետության տարբեր պահաբաժիններում մինչ այս դեպքը հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, ինչն օբյեկտիվորեն հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց կարող են մասնակցություն ունեցած լինեն անտառպետության աշխատակիցները։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Պ. Ցուգունյանին՝ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղ գտնող խախտումների պատճառները վերացնելու, անտառխախտումների կանխարգելման համար պատասխանատու և թերացած, իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարած վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ նրանց աշխատանքից ազատելու ուղղությամբ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Նշենք, որ 2021թ․ ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի ծառահատումներում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու՝ ոչ հանցավոր նմանատիպ արաքներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ներկայացվել է 31 միջնորդագիր։ Դրանց արդյունքում 5 անձի նկատմամբ կիրառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր, իսկ մյուսները դեռևս քննարկման փուլում են։

Միևնույն ժամանակ, ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հատկանիշներով մարզի դատախազության կողմից հարուցվել է 22 քրեական գործ։ Դրանցով իրականացվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Մեկնաբանել