2019 թվականին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, մի քանի ընկերների հետ համատեղ 5,3 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիր էր գրել վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ:Այս մասին հայտնում է`artimes.com-ը:
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ գումարն արդեն ստացել ու մեկնարկել են ծրագրի իրականացումը, որ փուլում է այն, ինչ աշխատանքներ են արել:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեռ ծրագրի սկզբում են, Եվրոպական Միության դրամաշնորհների տրամադրման գործընթացի համաձայն՝ վերոնշյալ գումարից տրամադրվել է միայն առաջին տրանշը՝ 766 հազար 113 եվրո: Ըստ նախատեսվածի՝ այդ գումարից համապատասխան կանխավճարներ են փոխանցվել ծրագրի գործընկեր քաղաքներին (Վարշավա՝ 148,626 Եվրո, Տիրանա՝ 98,828 Եվրո, ընդամենը՝ 247,454 Եվրո):
Հետագա տրանշերը նախատեսված են կատարված աշխատանքների հաշվետվությունները Եվրոպական Միության կողմից ընդունվելուց հետո:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հաջորդ տրանշի ստացումը կախված է ծրագրի առաջընթացի հաշվետվությունները ներկայացնելուց հետո: Եվրոպական Միությունը կընդունի այդ հաշվետվությունները ու եթե ամեն ինչ նորմալ լինի, բաց կթողնի հաջորդ տրանշը: Թե երբ են պատրաստվում հաշվետվություններ ներկայացնել, քաղաքապետարանից հստակ չեն պատասխանել, նշել են, որ այս տարվա մեջ է ենթադրվում, սակայն ամեն ինչ կախված է ծրագրի ընթացքից:
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ բուն ծրագրի իրականացմանը մասնակցություն ունենալո՞ւ են քաղաքապետի կինն ու այն մարդիկ, որոնք մասնակցել էին դրամաշնորհային ծրագիրը կազմելիս: Խնդրել էինք նաեւ նշել, թե քանի հոգով էին ծրագիրը գրել: Մեր այդ հարցերը չեն մեկնաբանել, միայն նշել են, որ որոշ ժամանակ անց պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվի ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, առայժմ այդ գործողություններն ընթացքի մեջ են եւ մի փոքր վաղ է դրանց մասին խոսել:
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին քաղաքապետի եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվել է 5.326.377 եվրո արժողությամբ «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի դրամաշնորհային պայմանագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումների արդյունքում, ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովելու վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կարողությունների հզորացմանը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ինտեգրման գործընթացին, ինչպես նաեւ համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: