
Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե թաղամասի շենքերը եւ թե դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 88-ի աղետից անմիջապես հետո եւ ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Դպրոցի շենքն այսօր արդեն գտնվում է խիստ վթարային վիճակում, նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց հին շենքի հարեւանությամբ` նույն թաղամասում։
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս մեկը եւս կունենա հարմարավետ դասասենյակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ։

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով։
Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։
ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն