Գլխավոր Ահազանգ Ադրբեջանցիները հարվածել եւ քաշքել են հայ հովվին․ ՄԻ պաշտպանը տեղեկությունը կուղարկի միջազգային...

Ադրբեջանցիները հարվածել եւ քաշքել են հայ հովվին․ ՄԻ պաշտպանը տեղեկությունը կուղարկի միջազգային կառույցներին

0

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու եւ հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:

Ըստ Թաթոյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ:

«Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետեւ՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետեւ, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաեւ, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաեւ ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում եւ տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաեւ միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ գյուղի այն բնակիչները, որոնք հովիվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաեւ, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում»,- հայտնել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ:

«Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները:

Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին:

Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ եւ համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»,-ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառման մեջ։

Արավուս գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, որը Արցախյան պատերազմից հետո սահմանամերձ է դարձել։

 

Մեկնաբանել