Կացարանի կարիք ունեցող եւ որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող ընտանիքները հնարավորություն կունենան պետության աջակցությամբ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել: Խոսքը սոցիալական հիպոթեք ծրագրի մասին է, երբ վարկային պարտավորություններն ամբողջությամբ կստանձնի պետությունը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման:
Սոցիալական հիպոթեք ծրագիրը կգործի միայն Երեւանից դուրս՝ մարզերում կացարան ձեռք բերելու դեպքում: Իսկ թե ովքեր կարող լինել ծրագրի շահառու, կորոշվի ավելի ուշ: Նախատեսվում է՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը, ինչպես նաեւ վարկավորման կարգն ու պայմանները կառավարության հաստատմանը ներկայացնել մինչեւ մայիսի 31-ը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող է դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` կացարանի կարիք ունեցող մինչև 2000 ընտանիք:
Կացարանի կարիք ունեցող ընտանիքին ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ կտրամադրվի մեկ անգամ: Վարկառու եւ համավարկառու կարող են հանդիսանալ կացարանի կարիք ունեցող ընտանիքի բոլոր չափահաս անդամները։
Յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան, արժեքի առավելագույն չափը կլինի 6.500.000 դրամը:
Շահառուն, իհարկե, հնարավորություն կունենա ավելի բարձր արժողությամբ կացարան ձեռք բերել, բայց այդ դեպքում պետությունը կփոխհատուցի միայն որոշմամբ սահմանված գումարի չափով: Այն 6.500.000 միլիոն դրամից ավելի կարող է լինել, եթե ընտանիքն ունի երեք եւ ավելի երեխա:
«Սահմանված առավելագույն չափից (կացարանի գումարը-խմբ.) ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում: Ընտանիքի կազմում երեք և ավելի երեխա ունենալու դեպքում ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափն ավելանում է 1.000.000 դրամի չափով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ սկսած երրորդ երեխայից։ Ընդ որում, մեկ քառ.մ մակերեսի արժեքի առավելագույն չափը չի կարող գերազանցել 100.000 դրամը»։
Հիփոթեքային վարկը կտրամադրվի առանց կանխավճարի, եթե ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը չի գերազանցում սահմանված առավելագույն չափը՝ 6,5 մլն դրամը: Գերազանցելու դեպքում կանխավճարը կլինի սահմանված գումարից ավելիի չափով:
Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանված է առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվելու է։ Վարկի մարման ժամկետը սահմանվելու է 20 տարի։
Պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար՝ 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար՝ 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։
Նշենք, որ նախագիծը կառավարության հավանությանն արժանանալու դեպքում ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին: