ՀՀ ողջ տարածքում 2020 թվականին տեղի է ունեցել 4 016 ճանապարհատրանսպորտային պատահար: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը: Այս մասին հայտնում է`tert.am-ը:
«Այդ թիվը պակաս է 2018 և 2019 թվականների համեմատ: 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 4111 ՃՏՊ, սակայն վերջին երեք տարում ամենաշատը եղել է 2019-ին՝ 4799 դեպք: Պատահարների արդյունքում մաhվան դեպքերը, սակայն, աճել են. 2020 թվականին վթարների հետևանքով զոհվել է 348, իսկ 2018-ին՝ 343, 2019-ին՝ 341 անձ: ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը 2020-ին եղել է 5846, իսկ 2018-ին՝ 5950: 2019 թվականին աճ է արձանագրվել՝ պատահարների արդյունքում տուժել է 6801 քաղաքացի»,- նշել է Վարդանյանը:
Խոսելով գրանցված մահերի մասին՝ վերջինս ներկայացրել է Երևան քաղաքի պատկերը՝ 2018 թվականին գրանցվել է 1832 դեպք, ինչի արդյունքում զոհվել է 83 անձ, 2019-ին 2172 ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 86, իսկ 2020 թվականին տեղի ունեցած 1554 վթարի պատճառով մահացել է 74-ը:
«Վերլուծելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ Երևանում պատահարների թիվն էականորեն նվազել է, նվազել են նաև մահվան դեպքերը: Մարզերի պատկերի վերլուծության դեպքում, քանի որ Ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի գործառույթի գնահատականը հիմնականում կախված է ՃՏՊ-ների քանակի, վիրավորների և մահերի թվից, մենք կարող ենք ասել, որ բոլորովին հակառակ պատկեր ունենք. 2020 թվականի մարզերում արձանագրված մահերը եղել են 274-ը, ինչը միանշանակ բարձր է 2018 և 2019 թվականներից»,- նշել է Վարդանյանը:
Նա նաև ընդգծել է՝ սա փաստում է այն մասին, որ տուգանային միավորների համակարգի ներդրումը Երևանում այս պահի դրությամբ որոշակի արդյունք է տվել:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: