Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ոչ հերքում, ոչ հաստատում է իր՝ Վանաձորի քաղաքապետ դառնալու մասին լուրերը:Այս մասին հայտնում է` artimes.com-ը:
Այսօր հրավիրված ասուլիսում մարզպետն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում թեկնածուների տարբեր անուններ են քննարկվել մինչ օրս, սակայն ի վերջո՝ թե ում թեկնածության վրա կանգ կառնի կուսակցությունն ու իշխանությունը՝ դեռ վաղ է խոսել. «Առաջիկայում՝ 1-2 ամսից այդ մասին բոլորդ մանրամասն կիմանաք»:
Լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին նաեւ իր՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնին հավակնություններ ունենալու մասին. «Քննարկման փուլում է, քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել…չի բացառվում, եթե կուսակցությունը նման որոշում կայացնի՝ կլինեմ թեկնածու, չի լինի՝ չեմ լինի: Վստահեցնում եմ Ձեզ, մինչ այս պահը իմ թեկնածությունը թե վարչությունում, թե սիրողական մակարդակում չի քննարկվել, իսկ թե ինչ կլինի առաջիկայում՝ ես հիմա կդժվարանամ պատասխանել»,-ասաց Արամ Խաչատրյանը, նշելով, որ մինչդեռ այլ թեկնածուների հարցը քննարկվել է:
ՏԻՄ ընտրություններ նախատեսված են նաեւ Սպիտակում: Քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունիսի սկզբին, իսկ մինչ ՏԻՄ ընտրությունների օրը, կնշանակվի Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար:
ՀԺ-ի հարցին՝ ում է նախատեսել գործող իշխանությունը Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում, Արամ Խաչատրյանն ասաց՝ այս հարցը եւս քննարկման փուլում է, ավելի մանրամասն՝ 1 ամսից: Դիտարկանը՝ որ ամենահավանական թեկնածուն Լոռու նորանշանակ փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանն է, Խաչատրյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ այդ հարցը քննարկման փուլում է, կան մի քանի թեկնածուներ, թույլ տվեք այս պահին չհրապարակել անուններ, 1 ամսից բոլորդ կիմանաք»: ՀԺ-ի տեղեկություններով՝ հենց Նիկողոսյանն էլ կնշանակվի Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: