Վահեն, ով դպրոցի շրջանավարտներից է, «Ոսկե մեդալով» է ավարտել դպրոցը,«Գերազանցության» դիպլոմով՝ ԵՊԲՀ-ի դեղագիտության ֆակուլտետը, կրկին «Գերազանցության» դիպլոմով՝ նույն ֆակուտետի արդինատուրան: Բժշկական ծառայության լեյտենանտը 2020թ.ի սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում: Ոչ միայն բժշկի իր պարտականություններն է գերազանց կատարել, այլև մարտեր է վարել, օգնել ու ոգևորել զինակից ընկերիներին: Վահե Մելիքսեթյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին՝ Մեխակավանի պաշտպանության ընթացքում: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Դպրոցի անվանակոչության առթիվ կազմակերպված հիշատակի միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցի շրջանավարտ հանդիսացող, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների ծնողներն ու հարազատները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտներ: Հանդես գալով ողջույնի և ոգեկոչման խոսքով՝ մարզպետը նախ իր խոնարհումը հայտնեց հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար ընկած տղաների հարազատներին. թիվ 28 դպրոցի սաներ Վահե Մելիքսեթյանը, Արմեն Մատինյանը, Էրիկ Գյոկչակյանը, Գևորգ Եղշատյանը, Արծրուն Աղաբաբյանը, Մհեր Ղուկասյանը, Էրիկ Ավագյանը իրենց կյանքն են զոհաբերել հանուն այս մի բուռ հողի:
-Դուք զոհաբերել եք ոչ միայն ձեր կյանքը, այլև ձեր ու ձեր ծնողների երազանքները: Այսօր մեր բոլորի պարտքն է՝ կերտել հզոր պետություն, ամուր հիմքերի վրա դնել տնտեսությունն ու բարձրացնել կրթական մակարդակը, որպեսզի եկող սերունդներն այլևս պատերազմի ահով չանցնեն: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի կերտենք մեր ու ձեր երազած հայրենքը,- նշեց Արամ Խաչատրյանը:
Ուսուցիչները շեշտեցին՝ այսուհետ ավելի մեծ նվիրումով, պատվով ու հպարտության զգացումով են եկող սերունդներին կրթելու՝ արդեն Վահե Մելիքսեթյանի անունը կրող դպրոցում, իսկ հերոսի մայրը, ով նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհիներից է, միայն մեկ ցանկություն ուներ՝ պատերազմներ այլևս երբե՛ք չլինեն:
Միջոցառման ավարտին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խորհրդանշական ծառ տնկվեց դպրոցի բակում: