Գլխավոր ԵՐԵւԱՆ Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության

0

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 77 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետեւանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով:

Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Խորհրդարանը 77 կողմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:

 

Մեկնաբանել