Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Անմահ հերոս Դավիթ Դավթյանի անվամբ դասասենյակ Գլաձորի միջնակարգ դպրոցում

Անմահ հերոս Դավիթ Դավթյանի անվամբ դասասենյակ Գլաձորի միջնակարգ դպրոցում

0
Ապրիլի 29-ին Գլաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից հերոսների հիշատակին:
Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավորում ստացած հերոսների ծնողներ, հարազատներ և այլ հյուրեր:
Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: Դպրոցի աշակերտական խորհուրդը, պատմության ուսուցչուհի Սոֆյա Գալստյանի նախաձեռնությամբ, հանդես եկավ հայրենասիրական, գրական-երաժշտական կատարումներով, ներկայացրեց Դավիթ Դավթյանի կյանքի ուղին՝ դպրոցից մինչեւ համալսարան ու զինվորական կյանք:
 Դավիթ Արմանի Դավթյանը ծնվել է 2002թ. հունվարի 16-ին, Վայոց ձոր մարզի Գլաձոր բնակավայրում: 2008թ. հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, սովորել՝ գերազանց: Զորակոչվելով հայկական բանակ՝ ծառայել է Հադրութի զորամասում և սիրով կրել իր զինվորական համազգեստը: Դավիթը քաջաբար ընկել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 8-ին:
 Գլաձորի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, տնօրենի գլխավորությամբ, շնորհակալագրեր հանձնեց դահլիճում ներկա հերոսների ծնողներին և հարազատներին:
 Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից, երախտիքի խոսքեր ուղղեց զոհված և վիրավոր հերոսների հարազատներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին:
<Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոսներին, ովքեր անմահանալով դարձան հավերժի ճամփորդ: նրանց շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ ենք: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր վիրավոր եղբայրներին, ովքեր պիտի շարունակեն իրենց ընկերների կիսատ թողած գործը:
Մենք պարտավոր ենք շարունակել այն սխրական մեկնարկը, որը տվել են մեզ մեր հերոս տղաները: Ցավոք սրտի պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք դեռ շատ մարտահրավերներ ունենք մեր առջև: Մենք պարտավոր ենք մեր որդիների արժանապատիվ քայլն արժևորենք ամեր օր, ամեն վայրկյան՝ մեր հայրենիքը շենացնելով>,- նշեց Նանե Ասատրյանը:
 Միջոցառումը շարունակվեց Դավիթ Դավթյանի անունով անվանակոչված դասասենյակում, որտեղ ցուցադրվում էին Դավիթի, ինչպես նաև Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակից հերոսների իրերն ու լուսանկարները:
 <Դավթի անունն է կրելու դպրոցի այս դասասեյնակը, քանի որ նա իր ապրած կյանքով ու կատարած սխրանքով վաստակել է անմահության իրավունքը: Նրա անունը այսուհետ կապրի մեր սրտերում և մեզ հետ: Նրա անվան սենյակը այսուհետ կդառնա հայրենասիրության դարբնոց>,- նշեց դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանը:
 Միջոցառման ավարտից հետո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Դավիթ Դավթյանի հիշատակին՝ այցելելով նրա շիրիմին:

Մեկնաբանել