![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
ՀՀ ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքային համայնքում։
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ անշարժ գույքերի միավորման մասին որոշմամբ քաղաքացի Հ. Ա-ին երկու կառուցապատման իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքերը միավորվել են 0.1638հա ընդհանուր մակերեսով և ստացել պետական գրանցում։ Հետագայում, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի գրությունն այն մասին, որ հողամասն այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի շարքին չի դասվում, 2015 թ․ Արարատ քաղաքի ավագանու որոշմամբ ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է նույն քաղաքացուն։ Այնուհետև հողամասը համայնքի ղեկավարի անշարժ գույքերի միավորման մասին 2017 թ․ որոշմամբ՝ սեփականության իրավունքով քաղաքացի Հ. Ա-ին պատկանող 0.11հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ և ստացել է պետական գրանցում 0.2738հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Սակայն վերոնշյալ հողամասը ըստ ՀՀ կառավարության 28.09.2005թ. «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N2416-Ն որոշման՝ համայնքին է փոխանցվել որպես զբոսայգի (չմասնավորեցվող հողամաս)։ Հետևաբար, համայնքը այն օտարելու իրավունք չուներ։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։