Երեւանի մանկական երկաթուղի տանող թունելի ծխահարման պատճառը փոքր կենտրոնը սնուցող էլեկտրալարերի այրումն է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծխի օջախը հայտնաբերված է.
«Օջախը հայտնաբերվել է, ուժերն ենք վերադասավորում, որ մարման աշխատանքներ իրականացնենք: Երեւի բարձր լարում է եղել, ջերմությունից կրակ է բռնկվել: Ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ այս պահին: 10 րոպեից կսկսենք մարման աշխատանքները: Հետախուզողությունը դուրս կգա, կզեկուցի, որոշում կկայացնենք: 6 հազար վոլտ լարման 30 հատ մալուխներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ տարածքը հոսանքազրկվել է:
Դեպքի վայրում աշխատող ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելեց, որ այդ մալուխները գրեթե ամբողջ փոքր կենտրոնի այլընտրանքային լրացուցիչ հոսանքի աղբյուր են հանդիսանում. «Բայց մենք ունենք այլընտրանքային աղբյուր եւ հիմա բոլորն արդեն պետք է հոսանքով ապահովված լինեն: Շատ արագ հնարավոր է եղել անցնել լրացուցիչ սնուցման: Անհանգստանալու որեւէ խնդիր չկա»,- ասաց նա: