Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Խնածախ գյուղի վերևի հատվածում ադրբեջանական կողմը երեկվանից սկսել է խրամատ կառուցել

Խնածախ գյուղի վերևի հատվածում ադրբեջանական կողմը երեկվանից սկսել է խրամատ կառուցել

0

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի վերևի հատվածում ադրբեջանական կողմը երեկվանից սկսել է խրամատ կառուցել, ինչն անհանգստացնում է համայնքի բնակիչներին։ Այս դիրքի կառուցմամբ գյուղը հատնվում է ադրբեջանական դիտակետի տակ, Խնածախի բնակիչները հավաքվել ու իրենց վրդովումքն են հայտնել Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին։ Այս մասին հայտնում է`lragir.am-ը:

«Իրենք GPS-ով եկել են, ըստ սահմանազատման տարածքի իրենց տարածքում դիրք են դնում։ Այդ դիրքն էլ գյուղի անմիջապես վերևն է, տներից մի 150-200 մետր հեռու, իշխող դիրք է։ Երեկ մենք այնտեղ ենք եղել, իրենց կանչել ենք, խոսել ենք, մարդն ասում է՝ ես ձեր տարածք չեմ մտնում, իմ տարածքն եմ պահում, դուք ի՞նչ եք ուզում ինձանից, արգելո՞ւմ եք իմ տարածքում գործ անել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ադրբեջանական այդ գործողություններին։ «Մերոնք էլ ուղիղ դրա դիմացը 5 մետր հեռավորության վրա սկսում են շինարարական աշխատանքներ, որ դեմը փակեն, և գյուղն էդքան շատ չերևա։ Դա մեր լուծելու խնդիրը չէ, մենք չենք էլ կարա լուծենք։ Ճիշտ ա, էս ահագին ժամանակ է, իրենց հետ խոսել ենք, մեր բանակային կորպուսի հետ միասին այնպես ենք արել, որ իրենք չգան այդտեղ խրամատ դնեն, մենակ դրոշ են դրել, բայց դե ինչի մասին շատ բարձրաձայնում ենք, իրենք հենց դրա վրա կենտրոնանում են։ Փորձում են մեր նուրբ տեղերին կպնեն, ազդեն, հոգեբանական ճնշում գործադրեն»,- ասաց նա։

Ներսես Շադունցի խոսքով՝ այդ դիրքի դիմաց արոտավայրեր են, նրանց  կողմից դիտարկվելու են արոտավայրերը։ «Բայց ընդհանուր հողերի մշակման հարցին եթե անդրադառնանք, այնպես չէ, որ եթե իրենք կանգնում են, մեր բնակչությունը կարող ա քաշվեն ու չգնան իրենց հողերը մշակեն։ Չէ, էդ կարգի բան չկա, ուղղակի հիմա որ եկել են, գյուղի ամենավերևն են կանգնել, շատ մոտիկ ա, մարդիկ վրդովվել են»,- հավելեց համայնքի ղեկավարը։

Ներսես Շադունցի խոսքով՝ Խնածախի բնակիչները հավաքվել ու իրենից՝ որպես խոշորացված համայնքի ղեկավար, պահանջել են այս հարցը լուծել։ «Բարձր ձայնով իմ վրա խոսում են, ասում են՝ քեզ ենք ընտրել, մեր տերը դու ես, մեր հարցերին լուծում տուր։ Ես ասում եմ՝ ի՞նչ անեմ, իմ ձեռքը ոչ մի բան չկա։ Տեղական ինքնակառավարման մարմինը իր հնարավորության սահմաններում անում է, բայց մենք ոչ միջգերատեսչական հանձնաժողով ենք, ոչ կառավարական հանձնաժողով ենք, մեր ձեռքին ի՞նչ կա, որ ինչ անենք։ Փառք Աստծո, մեր բանակային կորպուսի հրամանատարական  կազմը մի բան էլ ավելի անում են։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել