Մայիսի 2-ին կայացել է «Աստված պահապան Տավուշի սահմանապահներին» խորագիրը կրող խաչի օծման և տեղադրման արարողությունը:
Բերդի համայնքապետարանից Marzer.am-ին հայտնում են, որ խաչը տեղադրվել է «Անառիկ Բերդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Բերդ համայնքի վարչական տարածքի մուտքի մոտ` Պառավաքար բնակավայրի հարակից բարձունքում:
Միջոցառմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, Բերդի համայքնապետարանի աշխատակիցներ, այլ հյուրեր:
Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարել է խաչի օծման արարողություն:
Նա մասնավորապես նշել է. «Խաչն առաջին հերթին սիրո արտահայտությունն է, որովհետև առանց խաչելության սեր չկա: Այսինքն, առանց ծառայության, առանց զոհաբերության, առանց նվիրումի սեր չկա: Սերը ծառայություն է, նվիրում և, մեծ հաշվով, զոհաբերություն: Այս խաչը դնելով սահմանագլխին` մենք վերահաստատում ենք այն փաստը, որ այս տարածաշրջանում ապրում են քրիստոնյաներ: Սա տարածաշրջան է, որն ունի դեմք և դիմագիծ, որն իր սրբությունների, իր տեսակի, նկարագրի համար պատրաստ է նվիրվել, ծառայել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև զոհաբերվել: Հարկ եղած դեպքում խաչը դառնում է սուր։ Ինչքան էլ մենք այսօր դժվարությունների մեջ ենք և ապրում ենք մեր պատմության ամենադժնդակ ժամանակահատվածը, ամեն դեպքում հռչակում ենք, որ մեր ճանապարհը պայքարի ու հաղթանակի ճանապարհ է»:
«Անառիկ Բերդ» ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Մելիքբեկյանը ներկայացրել է խաչի խորհուրդը. «Խաչի անունն է «Աստված պահապան Տավուշի սահմանապահներին»: Իսկ Տավուշում սահամնապահ են բոլորը` բանիմաց և փորձառու հրամանատարներից մինչև մանուկները: … Ստացվել է այնպես, որ խաչը ծնվել է իր ստեղծման գաղափարից ուղիղ 9 ամիս հետո: Ինչպես մայրը կսպասեր իր երեխայի լույս աշխարհ գալուն, այնպես ես սպասել եմ այս խաչի ծնունդին: Այն ունի թրի տեսք, յուրաքանչյուր թևի մեջ կա 4 ճառագայթ, և 4 թևերի ճառագայթները խորհրդանշում են մեր համայնքի 16 գյուղերը: Կենտրոնում Տավուշի հատակագիծն է և հավերժության նշանը: Ես ցանկանում եմ, որ այս խաչը հաղթանակի խաչ լինի»:
Ելույթ են ունեցել նաև աշուղ Աստղանուշը, Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, «Արծիվ 30 Արարատ» ՀԿ-ի նախագահ Վարազդատ Մկրտչյանը: