
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն, ընկերություններից մեկից վարձակալության հիմունքներով վերցրել է «ԿՈՄԱՑՈ ՄՂԱՆ Դ-155» մակնիշի մեքենամեխանիզմը, պարտավորվելով իրականացնել պայմանագրի պայմանները։ Վերջինս ենթավարձակալության պայմանագրով մեքենամեխանիզմը տրամադրել է մեկ այլ ընկերության: 2019 թվականի մարտի 12-ին աշխատանքի կատարման ընթացքում մեքենամեխանիզմը կողաշրջվել և ընկել ձորը, ինչի հետևանքով մեքենավարի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: