Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեծարման ցերեկույթ ու արիության բաց դաս Խնձորեսկի դպրոցում

Մեծարման ցերեկույթ ու արիության բաց դաս Խնձորեսկի դպրոցում

0
Մայիսի 4-ին Խնձորեսկի Գ․ Սեւունցի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում «Սյունյաց հողը անարատ է» խորագրով, որի առիթը կրթօջախի՝ Սյունիքի մարզում 2019-2020 ուստարվա լավագույնը ճանաչված երեք դպրոցներից մեկը լինելն էր։
Ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, այլ աշխատակիցներ։
Միջոցառման ընթացքում նախ աշակերտները հանդես եկան գրական-երաժշտական ցերեկույթով, որը նվիրված էր Խնձորեսկի՝ վերջին պատերազմի ընթացքում ընկած հերոսներին․ հնչեցին ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ։
Միջոցառման մյուս հատվածը նվիրված էր դպրոցի պատմությանը, 2019- 2020 թթ․ հաջողությունների ներկայացմանը, մեծարվեցին նաեւ դպրոցի վաստակաշատ մանկավարժները, նախկին տնօրենները։
Մելիքսեթ Պողոսյանն իր ելույթում անդրադարձավ կրթօջախի հաջողություններին, դիպլոմներ ու գովասանագրեր հանձնեց դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին։
Մարզպետը նաեւ գրառում կատարեց դպրոցի Փառքի սրահի մատյանում եւ շրջեց կրթօջախում՝ ծանոթանալով նրա շենքային պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, «Արմաթ» լաբորատորիայի աշխատանքներին, նաեւ վերջերս բարերարների կողմից տրամադրված ֆիզիկայի լաբորատոր նոր սարքավորումներին։

Մեկնաբանել