ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Օրինագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Նշենք, որ օրենքը կտարածվի անձանց վրա, որոնց 27 տարեկանը կլրանա մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:
Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:
Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով: