Գլխավոր ԵՐԵւԱՆ Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

Դեռահասների շրջանում կախվածությունների թվի ավելացումը անհանգստացնող է. դասընթացներ Երևանի դպրոցներում

0

Կախվածություն ունեցող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, ու առավել խոցելի տարիքային խումբն իհարկե դառնում են դեռահասները, քանի որ իրազեկվածության, վտանգների եւ ռիսկերի իրական տեղեկատվությանը նրանք այդքան էլ լավ չեն տիրապետում:Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը Երեւանի մի շարք դպրոցներում ուսուցիչների ու ծնողների համար համատեղ իրականացնում են իրազեկման դասընթացներ`«Կախվածությունների կանխագելումը դեռահասների շրջանում» թեմայով: Դասընթացների շրջանակում խոսվում է քիմիական կախվածությունների՝ ալկոհոլ, թմրանյութեր եւ այլն, ինչպես նաեւ հոգեբանական կախվածության մասին՝ հեռախոս, համակարգչային խաղեր, խաղադրույքներ, կախվածություն սննդից եւ այլն:

«Միասին կարող ենք» ՀԿ ղեկավար Ռուզաննա Երեմյանը մեր զրույցում նշեց, որ դասընթացների մեկնարկը տրվել է ապրիլի 15-ին` Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, իսկ վերջին դասընթացը կլինի հունիսի 2-ին:

«Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ պայմանավորվածության շրջանակում առաջին փուլում մենք ընդգրկել ենք Երեւանի թվով 12 միջնակարգ դպրոցներ, հաջորդիվ կընդգրկենք հիմնական դպրոցները: Նախատեսում ենք ավելի ընդգրկուն ծրագիր իրականացնել դպրոցների հոգեբանների, փոխտնօրենների, սոցիալական մանկավարժների համար, կանենք երկօրյա կամ եռօրյա վերապատրաստումներ, քանի որ խնդիրը շատ արմատացած է, եւ անհանգստություն կա ծնողների, ուսուցիչների, տնօրենների շրջանում: Նույնիսկ տարբեր մարզերից, տարբեր կրթական հաստատություններից են գրավոր դիմում՝ խնդրելով հնարավորինս շուտ գնալ իրենց մոտ»,- ասաց նա:

Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ այսօր ծնողները իրազեկված չեն համացանցի վտանգների մասին, թե որքան նարկոշոփեր կան սոցիալական կայքերում, չգիտեն, թե ում դիմել օգնության համար, որոշներն էլ վախենում են «խարանի» ենթարկվել, ամաչում են այդ մասին խոսել:

«Թեմայի մասին առաջինը երեխաներին ներկայացնելը, խնդիրների մասին նրանց հետ խոսելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ գովազդ լինել, այդ պատճառով առաջին փուլով մենք ծնողին ենք իրազեկում: Մեր նպատակը ծնողներին իրազեկելու միջոցով երեխաների պաշտպանությունն ապահովելն է»,- ասաց նա:

Դասընթացը եռամաս է: Առաջին փուլով ծնողն իրազեկվում է սոցիալական ցանցերում տիրող իրավիճակի մասին, թմրամիջոցների հայթայթման հնարավորությունները, ապա ՝ ինչպես նույնականացնել, եթե երեխան ինչ-որ քիմիական նյութ է օգտագործել: Այսինքն՝ նույնականացման ամենատարրական բանալիներն ենք տալիս ծնողներին՝ վարքի փոփոխություն, սնվելու փոփոխություն եւ այլն: Օրինակ՝ երեխաները կարող են օրերով հաց չուտել կամ ընդհակառակը՝ չգիտակցելով ուտել շատ մեծ քանակի սնունդ, ձեռքերը սկսում են դողալ, դառնում են անտարբեր, ստախոս, եւ ուսուցիչը, ով դասավանդում է երեխային, շատ արագ այդ փոփոխությունները կարող է զգալ:

Երկրորդ փուլով հոգեբանը ներկայացնում է, թե ինչ վնասակար ազդեցություն է կրում երեխայի ֆիզիկական, հոգեբանական վիճակը, ինչ կարող են անել դպրոցի հոգեբանը, մանկավարժը, ծնողը, ում կարող է դիմել: «Երրորդ մասում մեր սոցիալական մանկավարժը ներկայացնում է՝ ինչ կարող են անել ուսուցչի օգնականները դպրոցում՝ պարզելու համար խնդիրները: Այսինքն՝ ծնողներին տեղեկացնում ենք, որ իրենց կողքին կան գործընկերներ՝ ի դեմս մեր կազմակերպության, ովքեր պատրաստ են աջակցել, իրենց կողքին լինել»,- ասում է Երեմյանը, ապա հավելում, որ երեխայի շատ փոքր տարիքից ծնողները պետք է պայքարեն հեռախոսային կախվածության դեմ, պետք է ապահովեն նրանց զբաղվածությունը, սահմանափակեն երեխաների՝ որոշակի կայքեր մուտք գործելու հնարավորությունը, անեն ամեն բան, որպեսզի երեխաները զգայական կապը չկորցնեն ընտանիքի հետ: Իսկ ուսուցիչները դասամիջոցների ժամանակ պետք է վերահսկեն երեխաների շարժը, կուտակումները, հետեւեն երեխաների՝ կրթության նկատմամաբ ցուցաբերած վերաբերմունքին, միջանձնային հարաբերություններին, պահեն կապը ընտանքիի հետ, եւ եթե խնդիր են տեսնում, դպրոցի հոգեբանի միջոցով անմիջապես սկսեն աշխատանքը, անհրաժեշտության դեպքում՝ դիմեն իրենց կազմակերպություն, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:

«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության ղեկավարը նշում է նաեւ, որ ծնողների կողմից արձագանքը բավականին մեծ է, բոլորը ցանկանում են մասնակցել. «Արդեն 9 դպրոցում իրականացրել ենք իրազեկման աշխատանքներ, արձագանքը շատ մեծ է թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների կողից: Դասընթացից հետո մեզ շատ ծնողներ, ուսուցիչներ են գրում, կախյալ ընտանքիներ ունեցող մարդիկ, երեխաների, ամուսինների հետ կապված խնդիրներ ունեցողներ, ովքեր մինչ այժմ ամաչել են բարձրաձայնել դրա մասին»:

Ռուզաննա Երեմյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջաններում բոլոր երկրներում կախվածություն ունեցող անձանց քանակը շատ է մեծանում, իսկ Հայաստանը չի կարող բացառություն լինել. մեր երկրում նաեւ ազգային մենթալիտետի, հոգեբանի ինստիտուտի խնդիր կա: Իսկ այն, որ հիմա թմրանյութերի շրջանառությունը բավականին ակտիվացել է, դրանում նրանք համոզվել են ամենօրյա ռեժիմով իրականացվող մոնիթորինգի արդյունքում:

«Մեր հասարակական կազմակերպությունը ամենօրյա ռեժիմով վերահսկում է սոցիալական կայքերը, իրականացնում մոնիթորինգ, որի արդյունքում կատարած հետազոտությունները, ցավոք, վկայում են, որ, այո՛, բավականին աճ կա թմրանյութերի առքուվաճառքի շուկայում՝ պայմանավորված նաեւ հետպատերազմյան իրավիճակով: Հիմա շատ վտանգավոր, պայթյունավտանգ վիճակ է: Եվ մենք չենք առանձնացնում ոչ մի դպրոց, ոչ մի ուսումնական հաստատություն, որովհետև ցանկացած դպրոց թիրախի տակ է՝ թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող ստահակների կողմից»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել