Կրթության ոլորտի պատասխանատուները վերանայել են մոտեցումները, եւ կամավոր ատեստավորման մասնակցել ցանկացող ուսուցիչների համար որոշակի հստակեցումներ եւ ուղեցույցեր կլինեն: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Այս շաբաթվա ընթացքում գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից կոնկերտ առարկաների մասով կհրապարակվեն գրականության ցանկեր, ինչպես նաեւ կլինեն որոշակի ուղեցույցեր, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել, թե ինչպիսի հարցեր եւ ինչպիսի պատասխաններ են ենթադրվելու գիտելիքների ստուգման գործընթացում»,- կամավոր ատեստավորման գործընթացի մասին «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխանախարար Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարը նշեց, որ գիտելիքների ստուգման բուն գործընթացը կիրականացվի սեպտեմբերին, եւ արդեն նոյեմբերից կունենանք հավելավճարներ ստացող ուսուցիչներ:
«Մենք օրական ստանում ենք շուրջ մեկ տասնյակ դիմումներ, եւ կարծում եմ, որ դեպի վերջին օրերը այս գործընթացն ավելի կմեծանա, որովհետեւ սովորաբար վերջին օրերին է դիմելիությունը շատ ավելի բարձրանում: Ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ եւ այդ պարագայում կանխատեսել ենք, որ 1500-ից ավելի ուսուցիչներ կկարողանան հաղթահարել քննությունը եւ ստանալ աշխատավարձի 30-50% հավելավճար»:
Փոխնախարարն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյոք կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել փոխարինող կամ համատեղությամբ աշխատող ուսուցիչները.
«Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոխարինող ուսուցիչը ժամանակավոր է իրականացնում այդ գործընթացը եւ բնականաբար գիտելիքների ստուգման արդյունքում համապատասխան հավելավճար կկարողանա ստանալ միայն այն ժամանկաահատվածի համար, որի համար նա կփոխարինի: Ըստ այդմ՝ մեր փոխարինող ուսուցչները արդեն կարող են կողմնորոշվել՝ դիմե՞լ, թե՞ ոչ, եւ արդյո՞ք այդ ժամկետներում իրենց ներդրած ջանքը հավելյալ արդյունք իրենց համար կունենա, թե ոչ:
Ինչ վերաբերում է համատեղությամբ մի քանի դպրոցում աշխատող ուսուցիչներին, ապա նրանք կկարողանան դիմել իրենց հիմնական աշխատավայր հանդիսացող դպրոցից: Եվ կուզեի մեկ կանոն եւս հստակ ընդգծել, որ եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, ապա նա պետք է մասնակցի գիտելիքների ստուգմանն ընդամենը մեկ առարկայից»,- ասաց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաեւ բուհում եւ դպրոցում համատեղության կարգով աշխատող ուսուցիչները:
Փոխնախարարն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու է որոշվել հայոց լեզու եւ գրականություն առարկաների համար քննությունը կազմակերպել միայն հայոց լեզու առարկայի համար.
«Գիտելիքների ստուգումը կկազմակերպվի հայոց լեզու առարկայից՝ հաշվի առնելով գնահատման օբյեկտիվությունը պահպանելու անհրաժեշտությունը եւ այս իմաստով գրականության շատ ավելի բարդ ընթացակարգերը: Մենք նույն մոտեցումը ունենք 9-րդ դասարանի ավարտական քննություններում: Հաշվի առնելով, որ գրականության հատվածը շատ ավելի բազմաշերտ է եւ նման գործիքի միջոցով դրա ստուգումը միշտ հայեցողական որոշումների տեղ է թողնում, դրա համար էլ որոշում է կայացվել՝ թողնել գրականության հատվածը՝ օբյեկտիվորեն չափելով հայոց լեզվի գիտելիքները»:
Ժաննա Անդրեասյանը շեշտեց նաեւ, որ կրթության նախարարությունը որեւէ կերպ չի հրապարակելու քննության արդյունքները:
«Մենք կարծում ենք, որ սա յուրաքանչյուր ուսուցչի գործն է՝ այդ տեղեկությունը կիսել կամ չկիսել իր կոլեգաների հետ եւ կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ուշադիր լիենք անձնական տվյալների պաշտպանության հարցին: Բնականաբար մենք մեր կողմից պահպանելու ենք այս մոտեցումը եւ որեւէ կերպ ինքներս որոշում չենք կայացնելու՝ մասնակցող ուսուցչի փոխարեն այդ տեղեկատվությունը հրապարակել: Սա մնալու է յուրաքանչյուր ուսուցչի որոշման դաշտում»,- ասաց նա:
Անդրադառնալով ուսուցիչներին հետաքրքող այն հարցին, թե քննասենյակ կարո՞ղ են տանել հաշվիչներ, պարբերական աղյուսակ, փոխնախարարը պատասխանեց, որ ուսուցիչը քննասենյակում չի կարող ունենալ այլ իրեր, բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի եւ անցաթղթի:
Անդրադառնալով պարտադիր ատեստավորմանը, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ շուրջ երկու տարվա դադարից հետո գործընթացը վերսկսվում է, որին մասնակցելու առաջնահերթություն կտրվի դեռեւս 2019 թվականին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին:
««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեստավորման գործընթաց, որն իրենից որեւէ գիտելիքների ստուգում չի ենթադրում, այլ իրականացվում է փաստաթղթային եղանակով: Դրա համար ուսուցիչը դպրոցի միջոցով ուղղակի ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը եւ տարածքային հանրապետական հանձնաժողովների կողմից այդ փաստաթղթերը դիտարկման գործընթացի արդյունքում՝ ուսուցիչին համապատասխան եզրակացություն է տրվում՝ նա համապատսխանու՞մ է զբաղեցրած պաշտոնին կամ ՝ ոչ:
Այս մասով նույնպես քայլեր իրականացվել են: Մասնավորապես՝ դպրոցները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներառել են ատեստավորման ենթակա ուսուցիչներին»,-ասաց փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյանը նշեց նաեւ, որ պարտադիր ատեստավորման պարագայում պարտադիր բաղադրիչ է վերապատրաստումը, եւ ի տարբերություն նախկին կարգի, երբ վերապատարստումն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, այս տարի դրանք իրականացվելու են երաշխավորված կազմակերպությունները:
«Մենք ունենալու ենք բաց եւ մրցակցային դաշտ, երբ ուսուցիչներն են ընտրելու, թե որ կազմակերպության վերապատրաստմանը մասնակցեն: Ասեմ, որ արդեն իսկ հայտարաել ենք կազմակերպությունների համար մրցույթը՝ երաշխավորման ցանկի համար, ունենք մի քանի տասնյակ դիմումներ կազմակերպություններից, որոնց մեջ կան թե՛ դպրոցներ, թե՛ ուսուցչական կազմակրեպություններ, թե՛ բուհեր, շատ են նաեւ մարզային կազմակերպությունները: Առաջիկայում ցանկը կհրապարկվի եւ արդեն իսկ կկարողանանք սկսել վերապատրաստման գործընթացը»,- նշեց նա, ապա հավելեց.
«Մենք ձեւավորում ենք ցանկ, որը կարող է գործել 3 տարի՝ միաժամանակ մոնիթորինգի եւ գնահատման հստակ մեխանիզմների միջոցով կարողանալու ենք ամրագրել՝ արդյոք այդ կազմակերպություննների վերապատրաստումներից ինչպիսի արձագանքներ կան, արդյոք դրա որակի, կազմակերպման եւ այլ կոմպոնենտների մասով դժգոհություններ կան ուսուցիչների կողմից, թե ոչ: Ըստ ահդմ կարողանալու ենք արքգ արձագանքել եւ բոլոր կասկածելի որակի դասընթացներին ու կազմակերպություններին դուրս թողնել ցանկից՝ թողնելով միայն որակյալ ու բարեխիղճ կազմակերպություններին»:
Փոխնախարարը նշեց նաեւ, որ ուսուցիչները հնարավորություն են ունենալու ինքնուրույն կուտակելու կրեդիտներ եւ ավտոմատ կերպով ատեստավորվել.
«Կարեւոր փոփոխություն է նաեւ այն, որ ուսուցիչները հնարավորություն են ստացել ինքնուրույն կուտակելու կրեդիտներ՝ դասընթացների միջոցով: Եթե ատեստավորումից առաջ՝ մեկ տարվա ընթացքում, երաշխավորած ցանկից որեւէ դասընթաց անցել են եւ ինքնուրույն, իրենց ակտիվ նախաձեռնությամբ հավաքել են ատեստավորման համար անհրաժեշտ առնվազն 9 կրեդիտը, կկարողանան նաեւ ավտոմատ կերպով ատեստավորվել»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց նաեւ, որ նախարարությունում քննարկում է պարտադիր ատեստավորումը հանելու, դրա փոխարեն՝ կամավոր ատեստավորումը պարտադիր դարձնելու հանգամանքը.
«Մենք պետք է հստակ կողմնորոշվենք՝ ուսուցիչների որ խմբի համար պետք է կիրառենք գիտելիքների ստուգման պահանջ,իսկ որ խմբի համար՝ կիրառենք մասնագիտական զարգացման բոլորվին այլ քաղաքականություն: Մինչեւ տաեվերջ կունենանք այս ընդհանուր մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կբերի վերջնական որոշման»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: