
Ընտրությունների կազմակերպման հետ կապված հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել եւ գործելու է այս ընտրությունների ժամանակ, վերաբերում է քվեարկության կարգին: ԿԸՀ նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա մանրամասնեց՝ խոսքը վերջերս տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու մասին է: Սա նշանակում է, որ քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ, քաղաքացին, գալով ընտրատեղամաս, ստանալու է քվեաթերթիկներ, ընտրելու է դրանցից մեկը, դնելով ծրարի մեջ՝ գցի քվեատուփը: Ընտրատեղամասերում որեւէ գրիչ չի լինելու, որպեսզի որեւէ ընտրող մեքենայաբար որեւէ նշում չանի քվեաթերթիկի վրա:

Մուկուչյանը հայտնեց՝ ԿԸՀ նիստերից մեկում, երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները, կիրականացվի վիճակահանություն, եւ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Կուսակցությունների ու դաշինքների ինքնաբացարկի դեպքում անգամ այդ թիվը փոփոխության ենթակա չի լինի:
Եվս մեկ նորամուծություն. «Քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սեւ նիշ, որը ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրձում կան նաեւ այլ քվեաթերթիկներ»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:
Հարցին՝ կա՞ն տեղամասեր, որտեղից ընտրությունների օրը ուղիղ հեռարձակում չի լինելու, ԿԸՀ նախագահը հստակ պատասխան չկարողացավ տալ: Նշեց, որ գործընթացը դեռ նոր է մեկնարկում, այդ լիազորությունը Կառավարությունն է իրացնում: Հիշեցրեց միայն, որ նախորդ ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակում եղել է 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրելու իրավունք ունեցողների ճնշող մեծամասնությունը: Այսինքն, ըստ նրա, հեռարձակում չի եղել միայն հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերից:
Լրագրողներին ամենաշատ հետաքրքրող հարցը կապված էր փողոցներում քարոզարշավից առաջ հայտնված պաստառների հետ: Մուկուչյանն ասաց, որ այս պահին որեւէ խախտում այդ առումով չեն կարող արձանագրել: Ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը սանկցիաների կիրառում է նախատեսում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Շեշտելով, որ քարոզչությունը թեկնածուից զատ չէ՝ Մուկուչյանն ասաց.
«Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաեւ թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչությանը վերաբերող էլեմենտներ: Այդ տրամաբանության մեջ է Ընտրական օրենսգիրքը»:
Պատասխանելով ընտրողների թվի մասին հարցին էլ՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում ոստիկանությունը կհրապարակի այն, իսկ մինչ այդ չի կարող որեւէ թիվ նշել: