
Մայիսի 10-ին ավարտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով՝ այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ։

Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները: Մասնավորապես «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5185, «Անգլերենի» քննության համար` 4342, իսկ «Հայոց լեզու և հայ գրականության» համար` 4074 դիմորդ (Արցախի Հանրապետության դիմորդները ներառյալ): Հայտերի ընդունելությունը կատարվել է առցանց` dimord.am էլեկտրոնային հարթակում:
Առաջին փուլում դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր: Դիմորդների այս տարվա ընդունելության առաջին փուլի ամբողջական վերլուծությունը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի առաջիկայում: