Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Բերդ քաղաքի մուտքը` օրհնանքով

Բերդ քաղաքի մուտքը` օրհնանքով

0

Օրերս Տավուշի մարզի Բերդ համայնքի մուտքում «Անառիկ բերդ» ՌՀԿ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված «Աստված պահապան Տավուշի սահմաններին» անունը կրող խաչի օծման եւ տեղադրման արարողությունն էր։ Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

«Խաչն առաջին հերթին սիրո արտահայտությունն է, որովհետեւ առանց խաչելության սեր չկա: Այսինքն, առանց ծառայության, առանց զոհաբերության, առանց նվիրումի սեր չկա:

-Սերը ծառայություն է, նվիրում եւ, մեծ հաշվով, զոհաբերություն: Այս խաչը դնելով սահմանագլխին` մենք վերահաստատում ենք այն փաստը, որ այս տարածաշրջանում ապրում են քրիստոնյաներ՝ աշխարհի առաջին քրիստոնյաները: Սա տարածաշրջան է, որն ունի դեմք եւ դիմագիծ, որն իր սրբությունների, իր տեսակի, նկարագրի համար պատրաստ է նվիրվել, ծառայել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ զոհաբերվել:

Հարկ եղած դեպքում խաչը դառնում է սուր։ Ինչքան էլ մենք այսօր դժվարությունների մեջ ենք եւ ապրում ենք մեր պատմության ամենադժնդակ ժամանակահատվածը, ամեն դեպքում հռչակում ենք, որ մեր ճանապարհը պայքարի ու հաղթանակի ճանապարհ է»,-ասել է տ. Արամ քահանա Միրզոյանը։ Ռազմահայրենասիրական հ/կ-ի նախագահ Շուշիկ Մելիքբեկյանը, որը զինծառայող լինելով բարձր է գնահատում գիտակցաբար զինվորականի արժանապատիվ համազգեստը կրողի պատասխանատվությունն ու անձնազոհությունը, նվիրումն ու հայրենասիրությունը, որոշեց այսօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ։

«Աստված պահապան Տավուշի սահմաններին» խորագիրն է կրում խաչը, իսկ Տավուշում սահմանապահ են բոլորը, եւ այն վեհանալով անառիկ տավշո բարձրունքում իր ուժն ու զորությունը կտարածի ինչպես Տավուշ, այնպես էլ Հայաստան եւ Արցախ աշխարհների սահմաններին։ Այս ճանապարհը մեր տունդարձի ճանապարհն է,- նշեց Մելիքբեկյանը` շարունակելով,- ճանապարհ, որով անցնում ենք բոլորս, գիտակցելով, որ այստեղ սահման է, եւ մենք ենք այդ սահմանի տերը, եւ մենք պարտավոր ենք այն պահել անսասան ու հավերժ անառիկ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել