Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ 31 տարի է՝ Լուսակնի դպրոցը գործում է բնակելի տանը. այս տարի այն...

31 տարի է՝ Լուսակնի դպրոցը գործում է բնակելի տանը. այս տարի այն կճանապարհի առաջին եւ միակ շրջանավարտին

0

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն գյուղում արդեն 31 տարի է՝ դպրոցի շենքի փոխարեն երեխաների կրթությունը կազմակերպվում է բնակելի տանը: Այս տարի գյուղը կունենա իր առաջին մոդուլային դպրոցը, որի աշխատանքները արդեն սկսվել են: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

1990 թվականին հիմնադրված գյուղում դպրոց բացելու նախաձեռնողները եղել են գյուղի առաջին բնակիչ Հակոբ Հակոբյանը եւ Ռոբերտ Մելոյանը, որն էլ հետագայում դարձել է այդ կրթօջախի առաջին տնօրենը: Բայց քանի որ դպրոցի շենք չի կառուցվել, բնակելի տունը, որտեղ ոչ ոք չի ապրել, հարմարեցվել է դպրոցի: Չնայած դրան՝ երկհարկանի տունը կահավորված է դպրոցական կահույքով: Հիմա դպրոց է հաճախում 46 աշակերտ, այժմ գործում է 9 դասարան, քանի որ որոշ դասարաններ բազմակոմպլեկտ են, յուրաքանչյուր դասարանում սովորում է 1-7 երեխա: Ուսուցիչների թիվը դպրոցում 13-ն է: Երեխաներն անցնում են բոլոր առարկաները:

Դպրոցի տնօրեն Տաթևիկ Մնացականյանի խոսքով՝ շինությունը, ճիշտ է, կառուցված չէ այնպես, ինչպես կառուցվում են դպրոցների շենքերը, բայց վթարային էլ չէ. «Մեր գյուղը հիմնադրման ժամանակից չի ունեցել դպրոց: Գյուղի երեխաները հաճախել են կողքի գյուղի դպրոց: 1990 թվականից, երբ գյուղի աշակերտները շատացել են, համայնքի որոշմամբ՝ գյուղում դպրոց է բացվել, քանի որ դպրոցի շենքը տիպային չէ, բնակելի տունը հարմարեցվել է՝ որպես դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Տուն-դպրոցը ցանկապատված է, ունի մշտական ջուր, ապահոված է սանհանգույցով: Բարձր դասարաններին տրամադրված է համակարգիչ: Միակ խնդիրն այն է, որ դպրոցը չունի սպորտային դահլիճ: «Մեր դպրոցը սովորական դպրոցներից չի տարբերվում, պարզապես սպորտդահլիճ չկա, դպրոցի բակը հարմարեցված է, ֆիզկուլտուրա առարկայի դասը երեխաները անցկացնում են այդտեղ, բայց հիմա կորոնավիրուսային հիվանդության պատճառով անում են դասարանում»,- ասում է դպրոցի 10 տարվա տնօրենն ու հավելում՝ վերջին տարիներին աշակերտների թվաքանակի աճ ունեն:

Դպրոցն ի սկզբանե եղել է հիմնական՝ 9-ամյա կրթությամբ, 2017 թվականին, Կառավարության որոշմամբ, այն դարձել է միջնակարգ դպրոց: Վերջին չորս տարվա ընթացքում, սակայն, գյուղը շրջանավարտներ չի ունեցել, քանի որ աշակերտները լքել են գյուղը և մեկնել Ռուսաստան: Այս տարի դպրոցը ճանապարհելու է իր միակ և առաջին շրջանավարտին:

Անահիտ Անտոնյանը այս տարի դպրոցի միակ 12-րդ դասարանցին է: Մեզ հետ զրույցում պատմում է՝ դասարանում առաջին տարվանից սկսած՝ միայնակ է սովորել: Ասում է՝ դասերն իր համար անցկացվում են այնպես, կարծես անհատական պարապմունքներ լինեն:

«Եղել է, որ երբեմն միացել եմ այլ դասարանների և մասնակցել դասերին, բայց հիմա 12-րդ դասարանում միայնակ եմ հաճախում: Բոլոր առրկաները անցել եմ և անցնում եմ, ամեն օր առավոտյան 9-ից մինչև 3-ը դասի եմ»,- ասաց նա:

Անահիտի խոսքերով՝ դպրոցը միայն տեսքից է տարբերվում, ներսում այն սովորական դպրոց է հիշեցնում, որտեղ դասերն անցկացվում են սովորական հունով, իր խոսքերով՝ «նույնիսկ շատ ավելի լավ»: 18-ամյա Անահիտը դպրոցը կլքի հունիսին, իսկ թե ինչպես է նշելու այդ օրը, միայն ասաց, որ դպրոցում «Վերջին դաս» է անելու: Դեկտեմբերին արդեն հանձնել է երկու ավարտական քննությունները, սպասում է՝ հանձնելու ևս երկուսը: Արդեն ընտրել է, թե ինչ մասնագիտություն է ուզում ձեռք բերել: «Ուզում եմ սովորել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ապագա  հոգեբան եմ»,- հավելեց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել