Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայքի հիմնական դպրոցը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին

Վայքի հիմնական դպրոցը իր հարգանքի տուրքը մատուցեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին

0
Մայիսի 14-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կյանքս կյանքիդ համար» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախի 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, որը մեկնարկեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի աղոթքով և օրհնությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ինչպես խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ մերօրյա այն հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և աճող սերնդին տալիս են խիզախության և սխրանքների վառ օրինակ:
 Երեխաներն իրենց անկոտրում ոգով և անսահման ուժով վերահաստատեցին, որ պատերազմի հետ խոսելու միակ ճանապարհը ուժն է և հաղթանակը, որին պետք է ձգտի և սատար լինի յուրաքանչյուր ոք՝ իր աշխատանքով, կրթությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով և նվիրվածությամբ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը, ընդգծելով հայրենիքի պաշտպանության գործում մեր զինվորների դրսևորած քաջագործությունները, նշեց, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան, որպեսզի այլևս ոչ ոք ականատես չլինի պատերազմի արհավիրքներին:

Միջոցառման ավարտին երեխաները ծաղիկներ նվիրեցին և իրենց երախտագիտությունը հայտնեցին զոհված զինծառայողների մայրերին՝ իրենց որդիներին հերոսության և հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակելու համար, ովքեր առանց վարանելու քայլեցին հավերժի ճանապարհով՝ պաշտպանելով սեփական հողում ապրելու մեր անօտարելի իրավունքը:
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
Խաղաղություն Հայոց աշխարհին և բարի ծառայություն հայ զինվորին

Մեկնաբանել