ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է ՀՀ սահմանների մոտ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ վերջին օրերին համացանցում եւ որոշ կայքերում տարածվող ապատեղեկատվությանը:
«Չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում»,- ընդգծեց նա:
Խոսելով մասնավորապես «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող տեղեկությունների մասին, Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ:
«Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- հավելել է նա:
Եվ վերջում, խոսելով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների ճշգրտման մասին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ այդ գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը:
«Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: