Օրերս համացանցում տարածվեց Լուսագյուղի Թուխ Մանուկ վանքի դիմաց գտնվող խաչքարի լուսանկարը, որը դարձավ սուր քննադատությունների առարկա: Բանն այն է, որ խաչքարի վրա տեղադրված էր մարմարե սպիտակ խաչ: Մարդիկ նշում էին, որ եկեղեցու բակի խաչքարի մեջ մխրճված «գեշ ու ռաբիս» խաչը ապականել է կոթողը, որոշներն էլ խոսում էին նման երեւույթների տարածված լինելու մասին՝ ասելով, որ նման տգետ ու անճաշակ երեւույթները ընդամենը բարձիթողության եւ պատշաճ վերահսկողություն չլինելու հետեւանք են: Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանը նշեց, որ խաչը կոթողի վրա են տեղադրել իրենց համայնքի բնակիչները: «Մեր գյուղի գերեզմանոցում հին դարի խաչ կար, ջարդված էր, դրա նման դեռ 5 տարի առաջ նորը սարքեցինք, տեղադրեցինք (խաչքարի վրա)»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է որոշվել խաչը տեղադրել կոթողի վրա, եւ արդյո՞ք ունեցել են թույլտվություն, համայնքապետը պատասխանեց. «Բա ոնց չենք ունեցել, խաչը դնելով՝ հանցագործությո՞ւն ենք արել: Հիմա ես չեմ հասկանում՝ խաչ դնելը վերացնե՞նք. մեր ազգը առանց այն էլ հին ավանդույթները չի պաշտպանում, մե՞նք էլ վերացնենք»: Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը (լուսանկարում ինքն է) էլ նշեց՝ խաչը ապօրինի է տեղադրված եղել 2015 թվականից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում;