
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին է ներկայացրել Մուրացանի «Ռուզան» պատմավեպի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

«Աբելյանական հարկի տակ կրկին պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը», ներկայացում, որտեղ միախառնված զգացողությունների ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում։ Եվ կենտրոնում կրկին Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու հայրենադավ բնակիչներով, դեռևս էպոսի նախամայր Ծովինարից ժառանգված ինքնազոհաբերմամբ, հայրենիքի փրկության ճանապարհի որոնումներում արված և արվելիք ողջակեզներով»,-նշում է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:
Նա շեշտում է, որ ներկայացման տոմսերի մեծ մասը գնել են Բելգիայում բնակվող տեր և տիկին Ղուկասյանները և տոմսերը նվիրել են հանդիսատեսին՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների և իրենց որդու՝ Մհերի, որը ևս զոհվել է պատերազմում:
«Նահատակները մեզ պարտավորեցրել են ապրել, և ինչքան էլ ծանր է, ապրել ապագա հաղթանակների համար, ապրել՝ ամեն օր կրկնելով՝ մենք ձեզ պարտք ենք: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտը հանուն հայ աշխարհի մի բռունցք դառնալն է՝ անկախ բոլոր տեսակի պատկանելություններից»,-եզրափակում է տնօրենը: