
ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը Լոռու Մարգահովիտ գյուղում պաշտոնապես տվել է «Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» խորագրով նախագծի մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը և կազմակերպիչ խմբի անդամները: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա»-ն եռամյա նախագիծ է, որը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը կներկայացնի քաղաքաշինության կանաչ մոդելներ և կբարձրացնի շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 15 համայնքներում:

Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Մարգահովիտ գյուղում, որտեղ «Էյ Թի Փի»-ն գործունեություն է ծավալում 2006 թվականից, «Միրաք ընտանիքի անտառվերականգնման տնկարանի» հիմնումից ի վեր: Ի նշանավորումն շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և ծրագրի պաշտոնական բացման՝ դեսպան Վիկտորինը ծառ տնկեց տնկարանում:
«Կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կայուն զարգացմանն առնչվող միջոցառումներն առանցքային մասն են կազմում Եվրոպական «կանաչ գործարքի», սրանք նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևոր առաջնահերթություններից են: Մեր համոզմունքն է, որ կանաչ զարգացումը տնտեսական վերականգնման առանցքում է, այդ պատճառով ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներեգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման և այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,- իր խոսքում ընդգծեց դեսպան Վիկտորինը:
Ծառատունկից հետո տեղի ունեցավ շրջայց դեպի Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոն, Չարլզ Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոց, Հրանտ Դինքի անվան հիշատակի անտառ, Մարգահովիտի միջնակարգ դպրոց և տեղաբնակ ընտանիքներից մեկին պատկանող տնամերձ տնկարանը: «Էյ Թի Փի»-ի տեղական Էկո ակումբի երիտասարդ շահառուները հյուրերին նաև ծանոթացրին բնապահպանական կրթական ծրագրերին:
Երեքամյա ծրագրի հիմնական արդյունքները կլինեն՝
- Գյումրի քաղաքին կից ժամանակակից տնկարան, որտեղ տարեկան կաճեցվի շուրջ 100000 տնկի
- 150 նոր միկրո ձեռնարկատիրական տնամերձ տնկարան, որտեղ տարեկան կարտադրվի վաճառքի ենթակա մինչև 200000 տնկի
- Շահառու համայնքներին կից 100 հա ընդհանուր մակերեսով նոր անտառներ և սեզոնային աշխատանքի ապահովում տեղի բնակչության համար
- 50 դպրոցների տարածքների կանաչապատում
- Շահառու համայնքների շուրջ 10 զբոսայգու և 10 այլ հանրային հանգստյան գոտիների տարածքների կանաչապատում
- Ընդհանուր առմամբ 458,000 նոր ծառ
- 10 նոր էկո-ակումբի հիմնում և արդեն իսկ առկա 5 էկո-ակումբների կարողությունների զարգացում
- Բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնող միջոցառումներ
- Էկոճամբարներ աշակերտների համար
- Տարեկան համընդհանուր աղբահավաքի մրցույթ-միջոցառումներ
- Առցանց տեղեկատվության փոխանակման և ուսուցման հարթակ
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: