Գլխավոր ԵՐԵւԱՆ Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի շուրջ աշխատաժողովին

Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի շուրջ աշխատաժողովին

0

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ. տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալն իր բացման խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին լիազոր մարմինը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է ոչ միայն սահմանված ծրագրերով կատարողականներ ապահովելու, այլև ոլորտից եկող ազդակներին աչալուրջ լինելու և դրանց շուրջ լրացուցիչ խորքային աշխատանքներ իրականացնելու մոտեցում։ Նման հարցերից է նաև իր բնույթով մասնավոր՝ գործատու–աշխատող հարաբերությունը, սակայն որի կանխատեսելիությունը և վստահելի միջավայրը նպաստում են արտադրական գործընթացների կայունությանը, աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանվածությանը և պատասխանատվության հստակեցմանը։

«Անգամ գործող օրենսդրության շրջանակներում ստեղծվում են իրավիճակներ, երբ իրավական ակտերը երկու կողմերի համար էլ մատչելի չեն, տրամաբանական և կառուցվածքային առումով մեկտեղված չեն և առաջացնում են գործնական խնդիրներ ու տարաձայնություններ կիրարկման ընթացքում։ Այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով լիազոր մարմինը հանդես եկավ մարդակենտրոն այս նախաձեռնությամբ, և մշակվեց ընդերքօգտագործման ոլորտի  ուղենիշային պայմանագրի օրինակելի ձևը»,– նշել է Լիլիա Շուշանյանը։ Ըստ փոխնախարարի՝ ոգևորիչ է, որ նման աշխատանք առաջին անգամ իրականացվել է հենց ընդերքօգտագործման ոլորտի առնչությամբ, սակայն ինչպես հավաստվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, այն իր բնույթով ունիվերսալ է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

Արա Խզմալյանը ներկայացրել է կատարված հետազոտությունը, որով ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցերը՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների միջև գործնական քննարկման արդյունքում լրամշակվել է նաև խորհրդատուի կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

Մեկնաբանել