Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այն 10 համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզներ պետք է կառուցվեն:
Նշենք, որ այս տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեին էր հատկացվել 51 միլիոն 400 հազար դրամ:
Ըստ կառավարության որոշման՝ մոդուլային տիպի 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզի Գետաշեն, Նորավան, Փշատավան, Լենուղի, Այգեվան համայնքներում:
3 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Լոռու մարզի Գոգարան, Լեռնավան, Լուսաղբյուր համայնքներում:
1 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Կոտայքի մարզի Պտղնի համայնքում և 1 մանկապարտեզ՝ Շիրակի մարզի Արևշատ համայնքում: Յուրաքանչյուր մսուր-մանակապարտեզի կառուցման համար կհատկացվի 5 միլիոն 140 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի 741-Ն որոշմամբ արդեն 1.4 միլիարդ դրամ է հատկացվել վերոնշյալ՝ մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար: