Եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող, ապա հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ Գյումրիում տեղի ունեցած դեպքերին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Բարև ձեզ ընկերներ։
Եկել եմ ասեմ, որ եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող ու կազմակերպող, ապա փողոց հրավիրված մարդիկ(որոնց համար ես փաստացի պատասխանատվություն եմ կրում, որովհետև իմ հրավերին են արձագանքել) մարդ ծեծեին, ապա նախ առաջինը՝ դա ի սկզբանե բացառված կլիներ, երկրորդը՝ եթե անգամ տեղի ունենար, ապա նախ ինքս տվյալ անձանց բարոյապես կնախատեի, երրորդը՝ ինքս կգնայի տուժողների մոտ ներողությունս հայցեի, չորրորդը՝ հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում, հինգերորդն էլ՝ ոստիկանությանն էլ կոչ կանեի խստագույնս պատժել նման ցանկացած դրսևորում, քանի որ դա մեր պայքարի հետ աղերս չի կարող ունենալ:
Սակայն, քանի որ ես չեմ, չեմ ասում:
հ.գ. այն օրն ասացի՝ այսօր մի քիչ գրելու եմ, բայց խառնեի ու չգրեցի, այսօր կլրացնեմ բացը թեթևի մեջ, որպեսզի ավելի պարզ լինի թե ինչ է տեղի ունենում և ինչ նպատակներով։
Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝
Նավակ Ճոճողը»:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ էին: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների կողմից Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: