
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիում ընդդիմադիրների կողմից տարեցների նկատմամբ կիրառված բռնությանն ու հոգևոր դասի լռությանը:

Ղազարյանը գրել է.
«Ընդդիմության շարժման սկզբին նրանց միացան եկեղեցականներ։ Վերջիններս բացատրեցին, որ միացել են ոչ թե սատարելու, այլ հնարավոր բռնությունները կանխելու համար։
Մի քանի օր առաջ Գյումրիում բռնության ենթարկվեցին 70-80 տարեկան պապիկներ։ Ջահել տղեքը նրանց ծեծեցին՝ «ավտոներին հարվածելու ու գրպանում ձվեր ունենալու» համար։
Որ ընդդիմության լիդերները բացատրեցին ու արդարացրեցին պապիկների ծեծը, իրենց խղճին։ Իսկ որ մեր եկեղեցական այրերը, նույն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը չեն դատապարտում այս բռնությունը և լռությամբ արդարացնում են, խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին։
Նրանք չեն դատապարտում այն ամենը, ինչ դատապարտելի է Աստծո կողմից, բայց դատապարտելի չէ ընդդիմության քաղաքական հաշվարկների տեսանկյունից։
Իմիջիայլոց, այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին։
Երբ տարեց մարդկանց հրապարակավ ծեծեցին, ամեն ինչի մասին կարծիք հայտնող Թաթոյանը կորավ, երբ Ադրբեջանի մի չինովնիկ հակահայկական մտքեր ասաց, Թաթոյանը հայտնվեց և սկսեց ջախջախել Ադրբեջանին»։
Հիշեցնենք՝ մայիսի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի այլ անձանց: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
Նշենք, որ կան ձերբակալվածներ: Նրանցից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է՝ Գեղամ Մանուկյանի փեսան: Ձերբակալված այլ անձինք ևս կան: