
Ցույցեր իրականացնելու առաջին իսկ օրվանից ընդդիմությունը սակավամարդության պատճառով փորձում է փողոցները փակել համայնքային սեփականություն հանդիսացող գույքով՝ փչացնելով աղբամանները, նստարանները, ինչպես նաեւ փողոցների անունները մատնանշող ուղեցույցները:

Araratnews.am կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչություն` ճշտելու` ընդդիմության հանրահավաքների հետեւանքով առ այսօր քանի գույք է վնասվել, եւ արդյոք որեւէ պատասխանատվության ենթարկվում են այն փչացնողները.
«Այս պահի դրությամբ վնասված աղբամանների թիվը վեցն է, որոնք ենթակա են վերանորոգման: Նստարանների մասով նույնպես սպասում ենք ճշտումների, սակայն դա մի փոքր ժամանակատար պրոցես է, քանի որ դրանց մի մասը վարչական շրջանների պատասխանատվության տակ է»,պատասխանեց լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը, միաժամանակ վստահեցնելով, որ ընդդիմադիր ցուցարարների նման գործելաոճը, բնականաբար, անպատասխան չի մնալու. «Այս պահին ունենք համապատասխան ապացույցները, թե կոնկրետ ում կողմից է փչացվել գույքը, ուստի քրեական գործի սահմանում վնասի հատուցում, վստահաբար, լինելու է»:
Սարդարյանի համար դատապարտելի են նման արարքները, քանի որ ինչպես ինքն է նշում` փչացնել մայրաքաղաքի գույքը, նույնն է, ինչ բոլորս փչացնենք մեր սեփական տան գույքը:
Անդրադառնալով քաղաքի ընդհանուր պատկերին` Սարդարյանը նկատեց, որ այս օրերին այն ավելի է աղտոտվել, որքան էլ Ֆրանսիայի հրապարակում գտնվող ընդդիմության ներկայացուցիչները պնդեն, թե իրենք իրենց ուժերով ապահովում են այդ տարածքի մաքրությունը.
«Այն հատվածը, որտեղ ընդդիմությունն իր դիսլոկացիայի հատվածն է սահմանել, տեխնիկա չի կարող մտնել, իսկ մայրաքաղաքի մյուս մասերում տեխնիկան իր գործը լիակատար շարունակում է անել ու մաքրությունն ապահովվում է նաեւ այս օրերին»: