Գլխավոր Հասարակություն Կենսաթոշակները հուլիսի 1-ից կարող են ավելանալ 10 տոկոսով. Պապոյանը ներկայացրեց հետվճարման ծրագիր

Կենսաթոշակները հուլիսի 1-ից կարող են ավելանալ 10 տոկոսով. Պապոյանը ներկայացրեց հետվճարման ծրագիր

0

Կառավարության նախորդ նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մի կարեւոր ծրագրի մասին, որը միտված է բարձրացնել սոցիալական քաղաքականության արդյունավետությունը։ Ծրագիրը ենթադրում է մինչեւ 10 տոկոսի չափով զեղչի կամ հետվճարի տրամադրում կենսաթոշակառուներին, եթե նրանք իրենց գնումները կատարում են անկանխիկ եղանակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Ազգային ժողովում այս մասին ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։

«Սա ունի սոցիալական նշանակություն, միտված է կանխիկի կրճատմանը, հետեւաբար նաեւ ստվերի կրճատմանն ու հարկերի ծավալի ավելացմանը։

Բանկերը եւ առեւտրային կազմակերպությունները եւս պետք է մոտիվացված լինեն, քանի որ մասնակցում են այս ծրագրին եւ այդ ծրագրի միջոցով ստանալու են նոր բազմաթիվ հաճախորդներ՝ ի դեմս կենսաթոշակառուների, ինչպես նաեւ հնարավորություն են ունենալու բիզնեսին մասնակից դարձնել սոցիալական պատասխանատվության բարձրացման նոր քաղաքականությանը»,- ընդգծեց Պապոյանը։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կանխիկի կրճատման քաղաքականության շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների,  պետությունն անցել է կենսաթոշակների ժամանակի ընթացքում անկանխիկ վճարման քաղաքականությանը։

«Ուզում եմ նշել, որ երբ մենք ներկայացնում էինք «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը եւ նշում էինք, որ սրա շահառուն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մեր ընդդիմախոսները ոչ միայն չէին համաձայնվում, այլեւ բերում էին զանազան պատճառաբանություններ, թե որքան խնդիրներ է առաջացնելու այն մարդկանց համար, հատկապես՝ կենսաթոշակառուների։ Մասնավորապես, նշում էին, որ միեւնույն է, մարդիկ կանխիկացնելու են իրենց կենսաթոշակը, չեն օգտվելու բանկային ծառայություններից եւ այլն։

Կարծում եմ՝ այս ծրագիրը ոչ միայն ցույց է տալիս, թե ինչպիսի օգուտներ մարդիկ կստանան կենսաթոշակների անկանխիկ վճարումից, այլ նաեւ ժամանակի ընթացքում կհամոզվենք, թե մեր կենսաթոշակառուները որքան լավ են կարողանում օգտվել անկանխիկ վճարումից եւ որքան հաճախ են օգտվելու անկանխիկ վճարումից»,- շեշտեց պատգամավորը։

Հաշվի առնելով ծրագրի դրական բաղադրիչը, այն է՝ ծախսված գումարի մինչեւ 10 տոկոսի հետվերադարձ կամ 10 տոկոսի զեղչ, Պապոյանը գրեթե վստահ է, որ կենսաթոշակառու քաղաքացիները ամբողջությամբ կօգտվեն այս շահավետ առաջարկից եւ այսուհետ իրենց կենսաթոշակը կծախսեն միայն ու միայն անկանխիկ եղանակով բոլոր թերահավատներին ապացուցելով, որ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող եւ չպետք է շրջանցի իրենց։

«Ըստ էության, այս նախագծով կարող ենք ասել, որ  սա կենսաթոշակների բարձրացման հերթական փուլն է, որը իրենից ներկայացնում է 10 տոկոսով կենսաթոշակների ավելացում եւ որի մեկնարկը մենք մտադրված ենք տալ այս տարվա հուլիսի 1-ից։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդեն հուլիսի 1-ից փաստացի կենսաթոշակները կարող են ավելանան 10 տոկոսով»,- եզրափակեց Պապոյանը։

 

Մեկնաբանել