Մայիսի 19-ին Կապանում կայացավ Սյունիքի դպրոցների միջեւ անցկացվող «Խաղում ենք, սովորում եւ ընկերանում» ինտելեկտուալ խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային փուլերում հաղթած թիմերն ու անհատ աշակերտները։
Մրցույթն արդեն երկրորդ տարին մարզի 7-9-րդ դասարանցիների համար կազմակերպում է մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը՝ մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ միասին։
Թիմային պայքարին մասնակցում էր դպրոցական 7 թիմ՝ կազմված 4 հոգուց, իսկ անհատական պայքարում մրցեց 17 աշակերտ։
Բովանդակալից ու հետաքրքիր հարցերը «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», ՆԶՊ, «Հայ գրականություն» առարկաներից էին, ինչպես նաեւ ընդգրկում էին հայրենագիտական ու հայրենաճանաչության թեմաներ, որոնք վերաբերում էին հիմնականում Սյունիքին։
Մասնակից աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին ողջունեցին, հետագայում նաեւ միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք ուղղեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը․ ժյուրիի կազմում էին նաեւ Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, մշակույթի եւ հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը։
Թիմերից յուրաքանչյուրն իրեն ներկայացրեց յուրահատուկ ձեւով, իրենց նախասիրություններով ու աշխարհընկալմամբ ներկայացվեցին նաեւ անհատապես մրցող խելացիները։
Հաղթող թիմերն ու անհատ աշակերտները Սյունիքի մարզպետից շնորհակալագիր ու մրցանակներ ստացան։
Եվ այսպես,
- թիմային պայքարում հաղթեց Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը,
- 2-րդ տեղում Լեհվազի միջնակարգ դպրոցի թիմն էր,
- 3-րդը՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցը։
Անհատական պայքարի արդյունքներով
- 1-ինը Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Աննա Ղազարյանն էր,
- 2-րդ տեղում՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցից Գագիկ Գասպարյանը,
- 3-րդը՝ Աննա Հովհաննիսյանը՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցից։
——————————————–
Մրցույթը ծավալուն էր ու երկարատեւ, եւ այն ընդմիջվում էր մասնակից շնորհաշատ աշակերտների գեղարվեստական ելույթներով՝ ասմունք, պար, այլ կատարումներ։
Ի դեպ, անհատական մրցույթին մասնակցող աշակերտների համար հարցեր էին պատրաստել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի մյուս պաշտոնյաներն ու այլ անձինք, եւ դրանց ճիշտ պատասխանողների համար նվերներ սահմանել։
Մինչ մրցույթի մեկնարկը մարզկենտրոն հյուր եկած աշակերտներն այցելեցին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։