
«2022 մայիսի 25-ին Երեւանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության եւ իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: «Տեղի ուենցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանի Հանրապետությունը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան,եւ մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաեւ տիեզարական սարքերի արտադրության կազմակերպումը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը հայտնեց, որ արբանյակի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում: Սա է պատճառը, որ նախնական որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։
25 մայիս 2022, Երեւանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաեւ հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։
Ավելորդ կլինի ասել, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել եւ աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման եւ իրագործման ուղղությամբ։
Անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաեւ ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը։