
Պատգամավոր բառի հոմանիշը, ինչպես հայտնի է, երեսփոխանն է։ Եվ հենց այս բառն է պատշաճում ընդդիմության պատգամավորներին, որոնք, չստանալով հանրային աջակցություն և տապալելով իշխանափոխություն անելու պատգամը, ստիպված են փոխել սեփական երեսներին քաշած հայրենափրկչի փոխանը և դառնալ ի շրջանս յուր։ Այսինքն՝ հով ու ապահով խորհրդարան։ Մինչ այս խորհրդարան վերադառնալու գաղափարին դիմադրող դիմադրողականները փաստորեն որոշել են սեփական օրակարգով վերադառնալ ԱԺ՝ ինքզինքը փրկելով թանկարժեք մանդատներից զրկվելուց։

Դիմադրության շարժման առանցքային ուժի ու գլխավոր դերակատարի՝ ՀՅԴ-ի կարկառուն ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ խորհրդարան վերադառնալու թեմայով կայքերից մեկին հարցազրույց է տվել, որը զետեղվել է նաև կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Հարցին՝ «եթե փողոցով չհեռանա Փաշինյանը, դուք ի՞նչ երեսով եք նորից վերադառնալու խորհրդարան և այստեղ հավաքված մարդկանց ի՞նչ եք ասելու՝ ինչո՞ւ եք վերադառնում», Արմեն Ռուստամյանը շրխկացրել է. «Էդ իրենք պետք է ասեն՝ ինչ երեսով են մնում։ Մենք էն երեսով ենք գնում, որ երեսով մեր ժողովրդին էսօր հանդիպում ենք և մեր ժողովրդի հետ խոսում ենք՝ էդ երեսով»։
Ինչ խոսք, երեսի, այն հաճախակի, ըստ պատմական պահի և կոնյունկտուրայի, փոխելու հարցում ՀՅԴ-ն 131 տարվա փորձառություն ունի։ Մի կուսակցություն, որը Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթիհաթ վե թերաքի» երիտթուրքական ուժի հետ, մի կուսակցություն, որի անդամներից երկուսը՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը, 1919 թվականին եղել են Մուսավաթական Ադրբեջանի կառավարության անդամներ (Դաստակյանը զբաղեցրել է առողջապահության նախարարի աթոռը, իսկ Համասփյուռը եղել է նախարար առանց պորտֆելի), մի ուժ, որն արդեն մեր օրերում՝ 1999-2009 թվականներին և 2016-2018 թվականներին, տարբեր ձևերով մաս է կազմել իշխանությանը, վստահաբար կաշկանդված չէ երեսին վերաբերող հարցերում ոչ ստանդարտ, կրեատիվ լուծումներ գտնելու՝ երեսփրկության հարցում։
Հաջորդ հարցին՝ «Բայց ժողովուրդը սպասում էր, որ դուք կհեռացնեք Փաշինյանին, ոչ թե նորից կգնաք խորհրդարան», ՀՅԴ-ական բազմափորձ գործիչը ֆանտաստիկ պատասխան է տվել. «Դա էլ անելու ենք։ Այո, պետք է փաստել, որ այլևս իշխանությունը մնացել է միայն գրասենյակներում, իրական իշխանությունը փողոցում է, և ժողովուրդն իր անմիջական իշխանությունն իրականացնելու համար ապացուցում է դա»։ Պարոն Ռուստամյանին թերևս արժի բարեկամական խորհուրդ տալ՝ չկրկնել այն սխալը, որն անում էր իշխանությունը, ու որի համար հենց իրենց՝ ընդդիմության կողմից անողոք քննադատվում էր՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «հաղթում ենք» քարոզելով։ Ընդդիմությունը, փաստորեն, դասեր չի քաղել իշխանության քարոզչական սխալից և այսօր՝ ներքաղաքական «պատերազմում», կրկնում է նույնը ՝ իր աջակիցներին ամեն օր հույս ներշնչելով, թե մենք շատ ենք, իշխանությունն այլևս չկա, հոգեվարքի մեջ է, լավագույն դեպքում՝ միայն գրասենյակներում է մնացել, շարժման հաղթանակը մոտ է, մի քիչ էլ և՝ հընգեր ջան, գինի լից, խմողաց անո՜ւշ, անուշ…
Ռուստամյանի ունիկալ մտքերը այսքանով չեն եզրափակվում։ Նա հարցազրույցում նշել է նաև, որ եթե ՔՊ-ականները «խելքի գան», խորհրդարանը սկսի աշխատել այն օրակարգով, որն իրենք են բերելու, ապա իրենք կվերադառնան խորհրդարան, «ինչո՞ւ չպիտի գնանք»։
Մի հավելում էլ է արել ՀՅԴ-ական գործիչը, թե՝ «մենք մինչև օգոստոս, եթե ուզում եք իմանաք, ժամանակ ունենք, Շառլ Միշելի հետ հանդիպելու են օգոստոսին և օգոստոսին բերելու են փաստաթուղթ, դնելու են սեղանին, էս շարժումը չի կարող վերանալ»։
Փաստորեն, մինչև օգոստոս փողոցային շարժումը դեռ կլինի։ «Օգոստոս էլ կլինի, միշտ էլ կլինի, քանի էս հարցը չի լուծվել։ Իրանք էդ չեն հասկացել։ Իրանք չեն հասկացել, որ ազգը չի կորցրել իր ինքնագիտակցությունը, ազգը չի մեռել։ Այո, մենք պարտվել ենք, բայց չենք վերացել, ազգայինը դեռ պահպանվել ա, և հրապարակը դա ա ցույց տալիս»,- այլայլված պատասխանում է ազգափրկիչ պաշտոնյան։
Փաստորեն, ամառ է գալու, թեժ է լինելու, ընդդիմության համակիրները ծով ու առողջարաններ գնալուց զրկված են լինելու։