Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը․
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդն իր միասնականության եւ անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը:
Շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ սխրանքներ գործել` Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում՝ ջախջախելով թուրքական զորքին՝ հիմք դառնալով Հայաստանի առաջին հանրապետության կերտման:
Թեեւ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդե-սերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ քաջ առողջություն, խաղաղություն եւ անամպ երկինք: