Մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց սա պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն, նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք․ այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ԵՊՀ-ի մոտ են՝ հասկանալու համար, թե պետհամալսարանը և գիտխորհուրդը ինչ դիրքորոշում ունեն իրենց հայտարարության վերաբերյալ:
«Մենք պահանջում ենք, որ ԵՊՀ գիտխորհուրդը հրավիրի նիստ և հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պատգամավորները կհանդիպեն ու կհասկանան՝ ինքը որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի»,- ասաց Սաղաթելյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքև, խոսի, թաքնվում է:
«Ինչի՞ց է վախենում, իրավունք ունի՞ նա ռեկտոր կոչվել: Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումը Արցախի հարցում, ոչ թե թաքնվի»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով հասել են Երևանի պետական համալսարանի շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
Ոստիկանները փոխանցել են, որ համաձայնություն կա, որ պատգամավորները ներս մտնեն:
Նշենք, որ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները ենթ են անցկացնում Երևանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, չհաջողվեց: Ընդդիմադիր պպատգամավորները, մասնավորապես, ցանկանում են հասկանալ, թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում: