Գլխավոր Հասարակություն Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Կատար

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Կատար

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։

«Դոհա» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեց Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պաշտոնական այցի շրջանակում կառավարության ղեկավարը կմեկնի Էմիրի Դիվան, որտեղ կհանդիպի Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի եւ Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպումներից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին եւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կստորագրեն Հայաստանի եւ Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության եւ Կատարի ազգային լրատվական գործակալության միջեւ լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին եւ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կստորագրեն մայրաքաղաքներ Երեւանի եւ Դոհայի միջեւ քույր քաղաքների հռչակման համաձայնագիր, Կատարի կրթության, բարձրագույն կրթության եւ դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կստորագրեն Հայաստանի եւ Կատարի միջեւ կրթության, բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կստորագրեն երկու համալսարանների միջեւ համագործակցության համաձայնագիր։ Երկու երկրների միջեւ կստորագրվի նաեւ առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։ Օրվա վերջում վարչապետը նաեւ կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։

Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Կատարի Պետություն։

Մեկնաբանել