
Ռաֆայել Քոթանջյանը յուրահատուկ գույն էր, տարբերվող կերպար. թատրոնը և կինոն կորցրին մեծ արտիստի: Արվեստի գործիչները, ընկերները, մտերիմները, գործընկերներն ու երկրպագուները հունիսի 15-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցին ՀՀ ժողովրդական արտիստի հոգեհանգստի արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրիչ, Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն ասաց ՝ Քոթանջյանի հետ 20 տարի շարունակ միասին աշխատել են դրամատիկական թատրոնում, և իր մի շարք բեմադրություններում նա եղել է փայլուն դերակատար:
«Շատերը նրան գիտեն որպես կատակերգական դերասան, բայց դա այդպես չէ: Ռաֆայելը որպես արտիստ բավականին մեծ հնարավորություններով մարդ էր: Իմ ճանաչած արտիստներից նա ամենաինտելեկտուալ դերասաններից մեկն էր, իսկ ես քչերին չէ, որ գիտեմ: Իր մասնագիտությունը խորապես ուսումնասիրած մարդկանցից մեկն էր: Նա հենց այնպիսի ժեստ, ինտոնացիա, դադար, խոսքի ազատություն, դիմախաղ չէր անում, ամեն ինչ մտածված էր»,- շեշտեց Խանդիկյանն ու հավելեց, որ հաճախ են ասում՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց արտիստների մեջ կան անկրկնելի մարդիկ, ինչպես Քոթանջյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ հայ կինոն և թատրոնը հրաժեշտ տվեցին մեծատառով մի արտիստի, ազնվագույն, կիրթ ու օրինավոր անձնավորության, որի տեղը լրացնել պարզապես հնարավոր չէ:
Նկարիչ Մայիս Մխիթարյանն էլ ընդգծեց, որ Ռաֆայել Քոթանջյանը շատ գունեղ արտիստ էր, և ցավոք այդ գույնը պակասեց բոլորի կյանքից: «Նա շատ կերպարային արտիստ էր, ցավոք՝ այսօր շատ քչերը կան, որ կերպար են ստեղծում: Նա առանց դիմակի, բայց ամեն անգամ նոր դիմակով փայլուն կերտում էր իր կերպարները: Ես ցավում եմ մեզ բոլորիս համար, որ կորցրեցինք այդ բազմակերպար արտիստին»,- ասաց նա:
Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը կյանքից հեռացել է հունիսի 13-ին:
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։