Գլխավոր Եղանակ Արվեստասերները ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին Ռաֆայել Քոթանջյանին

Արվեստասերները ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին Ռաֆայել Քոթանջյանին

0

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հարազատները, ընկերները, գործընկերներն ու արվեստի երկրպագուները հունիսի 16-ին եկել էին Մայր թատրոն՝ մեծ վշտով վերջին հրաժեշտը տալու արտիստին:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ Ռաֆայել Քոթանջյան մարդու և արվեստագետի մեջ բարձր է գնահատել լուսավոր նկարագիրը, բարեկիրթ, էլեգանտ ներկայությունը, չափավորությունը մարդկային հարաբերություններում:

«Նա յուրահատուկ արտիստական կերպար էր, որից շատ քիչ կա: Թատերական միջավայրն աղքատացավ՝ կորցնելով ինտելիգենտ մարդուն: Մեր միջավայրը շատ հաճախ բիրտ բարքերի, մարդկային շփման, հաղորդակցման մշակույթին չտիրապետող միջավայր է, և հատկապես նման իրականությունում Քոթանջյանի պես  արտիստի գոյությունը շատ կարևոր էր: Նրա հետ խոսելիս չէիր կարող լինել անբարեկիրթ, չէիր կարող չձգտել պահպանել խաղի այն կանոնները, որոնք նա թելադրում էր հաղորդակցման մշակույթով»,- նշեց փոխնախարարը:

Խզմալյանի խոսքով՝ Ռաֆայել Քոթանջյանը մեր հիշողություններում կմնա իր ներկայացումներով, ֆիլմերով, փայլուն դերակատարումներով ու մարդկային ինքնատիպ տեսակով:

Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Հայկուհի Խուդավերդյանը երկար տարիներ աշխատել է Ռաֆայել Քոթանջյանի հետ, եղել նրա խաղընկերուհին բեմում և տարբեր նախագծերի շրջանակներում: «Մենք երգիծական մանրապատումների շարք ունեինք, որի ղեկավարը Քոթանջյանն էր: Մեր խմբում էին Արթուր Ութմազյանը, Կիմ Երիցյանը, Արմեն Խոստիկյանը, Գայանե Թունյանը: Այդ խմբով մի քանի անգամ շրջել ենք Հայաստանի մարզերում, Արցախում: Քոթանջյանը հոյակապ մարդ էր, բարի էր, չափազանց կիրթ ու զարգացած, յուրահատուկ անձնավորություն էր: Հիշում եմ, որ ճանապարհ գնալիս, ներկայացումներից առաջ նա լուռ աղոթում էր: Զարմացած նայում էի, հետո սովորեցի այդ երևույթին: Նա վառ անձնավորություն էր, հրաշալի դերասան, որը փայլուն կերտում էր թե՛ կատակերգական, թե՛ ողբերգական դերեր»,-ընդգծեց Խուդավերդյանը:

Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանի խոսքով՝ ինքը պատկառանք ու սեր է տածել Ռաֆայել Քոթանջյանի հանդեպ: «Նրան մեծ եղբայր էի համարում, շատ էի լսում խորհուրդները: Թատրոնի մարդ էր ու շատ լուրջ էր մոտենում իր աշխատանքին: Նվիրված էր և՛ թատրոնին, և՛ ընտանիքին, և՛ հայրենիքին: Կատակասեր էր, հումորով: Ռաֆայել Քոթանջյանը մեր ազգի մեծ դերասաններից էր»,- եզրափակեց Մովսիսյանը:

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

Խաղացել է «Սատանայի ջրաղացը», «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» և մի շարք այլ ներկայացումներում:

Ռաֆայել Քոթանջյանն իր յուրահատուկ խաղով հանդես է եկել «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Մաքսանենգություն», «Երեքի սրտերը», «Սպանություն Սանշայն-Մենորում», «Երեքի սրտերը 2», «Զվարճալի ուղևորություն», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդուհու յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Քաոս» և մի շարք այլ ֆիլմերում:

Դերասանին վերջին հրաժեշտը տալու էր եկել Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Արտիստը կյանքից հեռացել է հունիսի 13-ին: Նա 79 տարեկան էր:

Մեկնաբանել