
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք: Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների թվաքանակի, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ:
Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու եւ Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաեւ նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի եւ շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի եւ տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական եւ այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել եւս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց եւ տեղեկություններ փոխանցելուց:
Միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտանգող նման պարսավելի եւ հանրության համար խիստ վտանգավոր հակաօրինական արարքներ կատարելուց:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: