Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ֆիզկուլտուրայի դա՞ս, թե՞մահվան հաց

Ֆիզկուլտուրայի դա՞ս, թե՞մահվան հաց

0

Ֆիզկուլտուրայի դա՞ս, թե՞մահվան հաց․ հենց այսպիսի այլընտրանքի առաջ են կագնած

դպրոցն ու Թումանյան համայնքի Շամուտ գյուղը գրեթե ամեն օր։

Գյուղում  մեծ խնդիր է առիթներ նշելը կամ տխրության հաց տալը, քանի որ չկա այս ամենի համար համապատասխան վայր, ու միակ լուծումը, որ գյուղացիները գտել են,  հարկ եղած դեպքում Շամուտ գյուղի դպրոցի սպորտդահլիճը գործին ծառայեցնելն է։

Թվում է, թե, լավ թե վատ, լուծում է, բայց արդյունքում տուժում են դպրոցի  27 սաները։ Ֆիզկուլտուրայի դասերը հաճախ չեն անցկացվում, քանի որ սպորտդահլիճն այդ օրը, ասենք,  պիտի ծառայի սգո արարողության հացին,  ու դրա համար աշակերտներին դասից շուտ են տուն ուղարկում։

Բացի աշակերտներին անհարմարություններ պատճառելուց, մի այլ  կարեւոր խնդիր խնդիր էլ այն է, որ  այդ միջոցառումների անցկացման արդյունքում չեն պահպանվում նաեւ կրթական հաստատության համար պարտադիր  սանիտարահիգենիկ պայմանները։ Ի՞նչ սանիտարահիգենիկ պայմաններից կարող ենք խոսել, եթե մի քանի տասնյակ մարդիկ են օգտվում աշակերտների սանհանգույցից (ծորակ, զուգարանակոնք, լվացարան)։

Հավաքների տրամադրությունը դահլիճում սկսվում է նախօրեի․ արարողության նախորդ օրը բերում են հատուկ դրա համար նախատեսված սեղաններն ու նստարանները, որոնք եթե հաջողվում է, դահլիճից հեռացնում են նույն օրը, կամ հաջորդ օրվա ընթացքում։

Ու մինչ կողքի համայնքներում դպրոցները պայքարում են սեփական մարզադահլիճն ունենալու համար, մենք էլ ՝ մեր ունեցած դահլիճի։  Այնինչ գյուղում կա համայնքային կիսակառույց շինություն, որը վերանորոգելուն պես կարող է ծառայել որպես արարողությունների սրահ՝ առանց ավելորդ անհարմարություններ ստեղծելու աշակերտների համար։

 

Սիրարփի Եգանյան

Լոռու մարզի Թումանյան համայքի «Նախաձեռնող կանայք» խմբի համակարգող

Մեկնաբանել