Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ

0

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում կիրականացվեն ակնային խորացված հետազոտություններ եւ վիրահատություններ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի գլխավոր վիրաբույժ Ասատուր Հովսեփյանի եւ Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանի կողմից:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունն այսօր աշխատանքային այցով Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում էր՝ քննարկելու ընթացիկ աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: Շաքարային դիաբետ ունեցողները կենտրոնում ակնահատակի զննման, ամպային տեխնոլոգիաներով ակնահատակի լուսանկարի դիագնոստիկայի, ինչպես նաեւ լազերային բուժման եւ վիրահատության հնարավորություն են ստանում:

Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀԱՆ տնօրեն Նունե Եղիազարյանը, փոխտնօրեն Վարվառա Քալաշյանը եւ Սպիտակ բ/կ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը քննարկեցին նաեւ վերջերս Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնին տրամադրված ակնահատակի զննման ժամանակակից խցիկի կիրառման հնարավորությունները եւ այն եզակի առավելությունները, որ տալիս է սարքավորումը: Կենտրոնի ակնաբույժ Նաիրա Սարդարյանը վերջերս է ավարտել վերապատրաստման դասընթացը՝ նվիրված դիաբետիկ ռետինոպաթիայի վերհանմանը եւ բուժման նորություններին:

Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի հինգ մարզային ակնաբուժական կենտրոններից առաջատարներից է: Այն հագեցած է այն բոլոր անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով՝ բնակչությանը տրամադրելու ակնաբուժական խորացված հետազոտություններ, լազերային բուժում եւ վիրահատություններ:

Այսօրինակ այցելությունները եւ կատարվող աշխատանքների քննարկումները նպաստում են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ ծավալների ընդլայնմանը: Գործունեության 5 տարվա ընթացքում Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոնում զննվել է մոտ 8.000 բնակիչ,  իրականացվել է շուրջ 4.000 վիրահատություն՝ աչքի լույս պարգեւելով ազգաբնակչությանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին: ՀԱՆ-ի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում, բարձրացնել ակնաբուժական որակյալ ծառայությունների հասանելիությունը և բարելավել Հայաստանի բոլոր բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը: Ծրագրի շրջանակներում արտասահմանյան ականավոր բազմաթիվ ակնաբույժներ են այցելել Հայաստան՝ բուժելու հիվանդներին և իրենց համապարփակ գիտելիքները փոխանցելու հայ գործընկերներին: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին է հատկացվել մեծաքանակ դեղորայք և սարքավորումներ:
ՀԱՆ-ը սերտորեն համագործակցում է պետական և տեղական իշխանությունների, ակնաբուժական և բժշկական հաստատությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, անհատների, Սփյուռքի, զարգացման միջազգային կազմակերպությունների հետ եւ իրականացնում ավելի քան 30 ծրագիր։
 ՀԱՆ-ը նշանակալի ներդրում ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման և ծառայությունների որակի զարգացման ոլորտի բարելավման եւ ծառայությունների որակի բարձրացման գործում:

Մեկնաբանել